Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Բովանդակային նորություն չունենք»


Երեքշաբթի օրը Բրյուսելում կայացավ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահների հետ: Դրա առաջին եւ թերեւս միակ արդյունքը միջնորդների` մի քանի օրից մեկնարկող հերթական տարածաշրջանային այցն է լինելու: Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը բացառիկ հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին:

«Եկող շաբաթվա սկզբին նրանք կժամանեն տարածաշրջան: Բովանդակային նորություն չունենք», - ասաց արտգործնախարարը: - «Երեկ նրանց [համանախագահների]` Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումից հետո վերանայել ենք իրավիճակը եւ, դժբախտաբար, պետք է ասեմ, որ նոր առաջընթաց չունենք: Կոնկրետ պայմանավորվածություն չկա, այնպես որ հույսը համանախագահների առաջիկա այցն է, որ նրանք ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կկարողանան ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել»:

Հարցին, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ Ադրբեջանը կարծրացնում է իր դիրքորոշումը, Օսկանյանը պատասխանեց. - «Չեմ ուզում առայժմ գնահատական տալ: Համենայնդեպս, նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո Ադրբեջանը հնարավորություն ունեցել էր իրավիճակը գնահատելու, վերանայելու համար եւ որոշ ժամանակ անց, երբ [Ադրբեջանի] արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ որեւէ նորություն չկա` դա մեզ համար ինչ-որ չափով ուղենիշ է, թե ինչ ուղով է գնում գործընթացը»:

Արտգործնախարարը նաեւ չի բացառում, որ առաջիկա նախընտրական զարգացումները Հայաստանում եւ Արդբեջանում որոշակիորեն կարող են ազդել բանակցային գործընթացի վրա. - «Անկասկած նախագահական ընտրությունների այդ շրջանը իր ազդեցությունը կունենա: Խորհրդարանականի դեպքում փոքր-ինչ այլ էր, մենք չէինք կապում դա բանակցային գործընթացի հետ: Բայց եթե անգամ նախագահականի շրջանում հնարավորություններ բացվեն`պետք է դրանք օգտագործել: Հայկական կողմը պատրաստ է շարունակել գործընթացը, լսել առաջարկություններ եւ ակնկալել Արդբեջանի կողմից համարձակ առաջարկություններ»:

Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի բրյուսելյան այցի առիթին` Եվրամիության Նոր հարեւանության անդամ պետությունների հավաքին, ապա այս ծրագիրը, արտգործնախարարի պնդմամբ, տեսանելի ապագայում կարող է Հայաստանի համար շոշափելի արդյունքներ ապահովել:

«Հայաստանի համար սա հեռանկարային ծրագիր է: Փաստաթուղթը ծրագրային է եւ ընդգրկուն: Ամենակարեւորն այն է, որ մեզ հնարավորություն է ընձեռվում ինտեգրացիոն գործընթացներ սկսել Եվրամիության հետ, նախեւառաջ տնտեսական ոլորտում: Փաստաթղթի ճիշտ կիրառման դեպքում շատ դրական արդյունքներ կունենանք ե'ւ տնտեսության, ե'ւ տարածաշրջանային համագործակցության, ե'ւ քաղաքական ռեֆորմների առումով»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG