Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ի մեկնաբանի փոխանցմամբ` «Հայաստանի գործող նախագահի վերջին աշխատանքային այցը Սոչի, ամենայն հավանականությամբ, վերջնական հստակեցում կմտցնի Հայաստանի իշխանական բուրգում առկա փոխհարաբերություններում»: «Գրեթե անկասկած է, որ Քոչարյանին եւ իր թիմակիցներին չի մնում այլընտրանք, քան նախագահական ընտրություններում գործող վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելը», - գրել է մեկնաբանը եւ հավելել. - «Ինչ վերաբերում է ընդդիմության անելիքին, ապա միասնական թեկնածուի շուրջ համախմբումը, ամենայն հավանականությամբ, լուրջ հեռանկար չունի։ Ինչպես միշտ, ընդդիմադիր բեւեռում առկա ուժերի աշխարհաքաղաքական կողմնորոշումները, անձնական հավակնությունները եւ տարիների ընթացքում նաեւ բարդացած փոխհարաբերությունները կազմել են մի այնպիսի գորդյան հանգույց, որը քանդելն ընդդիմադիր գործիչների համար անլուծելի խնդիր է»։ «Ճիշտ է, գորդյան հանգույցը կարելի է եւ սրով կտրել, բայց Ալեքսանդր Մակեդոնացիներ հաստատ չկան», - եզրակացրել է մեկնաբանը։

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը նկատել է. - «Հհշականներն ու հհշածինները վերջին շրջանում առավել քան երբեւէ լուրջ էին տրամադրված Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրորդ գալուստը նախապատրաստելու հարցում։ Բայց, ինչպես ասում են, կատվի վազքը մինչեւ մարագն է»։ «Նախկին նախագահի վերադարձի մեռելածին գաղափարի շուրջ արհեստական «համընդդիմադիր» միավորում ստեղծելու խոփը քարին դեմ առավ ավելի վաղ, քան կարելի էր ենթադրել», - գրել է մեկնաբանն ու հավելել. - «Մետելիցա - 1»-ին հաջորդեց երկար սպասված «Մետելիցա - 2»-ը, եւ պարզվեց՝ բանակցային ձեւաչափը կտրուկ հետընթաց է արձանագրել»։ Մեկնաբանի համոզմամբ, «այս համատեքստում թերեւս արդարացված են կանխատեսումները, թե ընդդիմադիր ճամբարը նախագահական ընտրություններին կմասնակցի մի քանի թեկնածուներով»։ «Լավագույն դեպքում՝ երկու ճակատով. եթե ոչ հհշական ընդդիմությանը հաջողվի ընդհանուր հայտարարի գալ եւ լուծել միասին աշխատելու թնջուկը, հհշամերձ ուժերի նեղ շրջանակն էլ համախմբվի ՀՀՇ-ի շուրջ, ինչը առավել քան հավանական է», - ամփոփել է մեկնաբանը։

«Իսկական իրավունք»-ի խմբագրականը «Ընտրություն «նաղդի» եւ «նիսիայի» միջեւ վերնագրի տակ նկարագրել է. - «Անցել են այն ժամանակները, երբ ընտրողին կարելի է դեմ տալ լուսավոր ապագայի շողշողուն «տեսլականը» ու քվե կորզել։ Ճիշտ է, դա հանգեցրել է նաեւ այնպիսի ծայրահեղության, ինչպիսին է ընտրակաշառքի դիմաց ցանկացած սրիկայի ընտրելը, սակայն պարզ է, որ եթե քաղաքական գործիչները դարձել են ծայրահեղ ցինիկ ու օգտապաշտ, ապա ամբողջ բնակչության հաշվով ցինիկ օգտապաշտների տեսակարար կշիռը կարող է միայն աճել»։ «Միանգամայն տրամաբանական է», - շեշտել է խմբագրականն ու հասցեագրել. - «Եթե իշխանամետը «նաղդ ու հենց հիմա» ստանալու համար կարող է վարվել սեփական խղճին ու համոզմունքներին տրամագծորեն հակառակ, եթե ընդդիմադիրը «նաղդ ու հենց հիմա» շահած լինելու համար այսօր թունդ ռուսամետ է, վաղը՝ թունդ ամերիկամետ, ապա ինչու շարքային ընտրողը իր մտահորիզոնի, երեւակայության եւ հնարամտության շրջանակներում չպետք է նախընտրի այն, ինչը կարելի է եւ «շնից մազ պոկելու տարբերակով» ստանալ «նաղդ ու հենց հիմա»։

«Ժամանակ Երեւան»-ի տեղեկություններով` «ՀՀԿ-ն որոշել է փոխհատուցել ընտրություններից հետո Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից զրկված Գալուստ Սահակյանին պատճառած բարոյական վնասը` նրան ղեկավար աշխատանք տալով կուսակցությունում»: «Այնպես որ, ՀՀԿ առաջիկա համագումարի արդյունքում Գալուստ Սահակյանը կդառնա կուսակցության փոխնախագահներից մեկը», - գրում է թերթը:

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ պատգամավորներից մեկը «Առավոտ»-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում իրենց գործընկեր դաշնակցականների պնդումներին, որ իրենք ո’չ իշխանություն են, ո’չ էլ ընդդիմություն, երկուսին էլ այլընտրանք են, պատասխանել է. - «Շատ նորմալ եմ ընդունում. հարսանիքներում լինում են հյուրեր, որոնք ո’չ փեսայի կողմից են, ո’չ էլ հարսի: Նրանք քավորի’ հյուրերն են»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG