Մատչելիության հղումներ

Հունվարի 1֊-ից միջին կենսաթոշակը Հայաստանում կաճի 60 տոկոսով


Հունվարի 1֊-ից միջին կենսաթոշակը Հայաստանում կաճի 60 տոկոսով եւ կկազմի մոտ 20 հազար դրամ: Նման որոշում է կայացվել Հայաստանի կառավարության հինգշաբթի օրվա նիստում:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, հիմնական կենսաթոշակների չափը 4250֊-ից հասցվել է 6800 դրամի, իսկ ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը 230-֊ի փոխարեն սահմանվել է 375 դրամ:

Բարձրացվում է նաեւ զինծառայողների բազային կենսաթոշակը` 3000-ից դառնալով 4000 դրամ:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք սա նախագահական ընտրություններին նախապատրաստվելու եւ սոցիալապես անապահով ընտրազանգվածին սիրաշահելու քաղաքականություն չէ, Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրեն Վազգեն Խաչիկյանը խորհուրդ տվեց «մութ սենյակում սեւ կատու չփնտրել». - «Իհարկե` ոչ, հանկարծ չի որոշվել: Կառավարությունը երբ հնգամյա ծրագիր էր ներկայացնում` հստակ նշված էր»:

Ավելին, Վազգեն Խաչիկյանը խորհուրդ է տալիս «ավելի շուտ սա կապել անցած խորհրդարանական ընտրությունների հետ, այսինքն` Հանրապետականը կատարում է իր նախընտրական խոստումները»:

Նա հիշեցրեց, որ նոր կառավարությունը ձեւավորումից հետո ներկայացրեց ծրագիր առաջիկա հինգ տարիների համար, ըստ որի, մինչեւ 2012 թվականը կենսաթոշակներն ամեն տարի պետք է բարձրացվեն:

Հատկանշական է, այնուհանդերձ, որ եթե 2008 թվականի հունվարի 1-ից` նախընտրական շրջանում, կենսաթոշակները բարձրանում են միանգամից 60 տոկոսով, ապա դրանից հետո 4 տարվա ընթացքում 40 տոկոս բարձրացում է լինելու:

Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տնօրենը հավաստիացնում է, որ միջին կենսաթոշակները 2012 թվականին կհասցվեն 36-37 հազար դրամի:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG