Մատչելիության հղումներ

Թալիբները համաձայնել են ազատ արձակել 19 հարավկորեացիներին


Աֆղանստանի «Թալիբան» շարժումը այսօր համաձայնել է ազատ արձակել հարավկորեացի 19 պատանդներին: Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահական գրասենյակը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, նախագահի խոսնակ Չեոն Հո-Սեոնը հայտնել է, որ թալիբները պատանդներին ազատելու համաձայնություն են տվել, երբ Հարավային Կորեան խոստացել է դադարեցնել կրոնական գործունեությունը Աֆղանստանում եւ իր զորքերը հանել այդ երկրից մինչեւ այս տարվա վերջը:

«Հարավային Կորեայի կառավարությունը ողջունում է պատանդներին ազատ արձակելու համաձայնությունը», - ասել է նախագահի խոսնակը:

Հուլիսի 19-ին թալիբները Քաբուլից Քանդահար տանող ճանապարհին պատանդառել էին 23 հարավկորեցիների: Նրանցից երկուսին թալիբները սպանել էին, երբ լրացել էր աֆղանական կառավարությանը իրենց ներկայացրած պահանջների կատարման վերջնաժամկետը:

Օգոստոսի 13-ին թալիբները ազատ էին արձակել հարավկորեացի երկու վատառողջ կանանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG