Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ է ներկայացրել


«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Հայաստանի Ազգային ժողովում ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագիծը ունի ընդամենը երկու հոդված` «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», եւ «սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից»:

«Ժառանգության» օրենսդրական այս առաջին նախաձեռնությունը` պատշաճ կարգով ընդունվելուց, ստորագրվելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո, կապահովի Հայաստանի կողմից երկար սպասված դե յուրե ճանաչման տարածումը 1991 թվականին միջազգային եւ խորհրդային օրենքներին համապատասխան Ստեփանակերտում հիմնադրված դե ֆակտո ինքնիշխան պետության վրա», - ընդգծում է կուսակցությունը այսօր տարածած հաղորդագրությունում:

«Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները», - ասված է, մասնավորապես, օրենքի ընդունման հիմնավորման մեջ: - «Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների` ԼՂՀ-ի պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ-ի իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար»:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու առաջարկով Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել նաեւ որպես Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար պաշտոնավարության ժամանակ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Րաֆֆի Հովհաննիսյանը, «1991 թվականին իր պաշտոնավարման ընթացքում հայոց դիվանագիտության ողջ ներուժը ուղղվել է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»: «Իսկ թե ինչո՞ւ չի ճանաչվել` այդ հարցի պատասխանը պետք է տան տվյալ ժամանակաշրջանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների բարձրագույն ներկայացուցիչները», - ընդգծեց Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG