Մատչելիության հղումներ

Թիվ 15 ընտրատարածքում պատգամավոր ընտրվեց Խաչիկ Մանուկյանը


Թիվ 15 ընտրատարածքում կիրակի օրը անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում հաղթել է հանրապետական, գործարար Խաչիկ Մանուկյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը, երեկ ժամը 14:00-ի դրությամբ, որը դիմում-բողոքներ ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետն է, որեւէ դիմում-բողոք չի եղել: Հանձնաժողովը նիստ է անցկացրել եւ որոշում կայացրել, որ Խաչիկ Մանուկյանը տվյալ ընտրատարածքից ընտրվել է մեծամասնական ընտրակարգով պատգամավոր:

Ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփած արդյունքների, Խաչիկ Մանուկյանը ստացել է 16121 ձայն, Թալինի քաղաքապետ, անկուսակցական Մնացական Մնացականյանը, ում սատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 10067 ձայնով երկրորդ տեղում է, երրորդը Դաշնակցության թեկնածու Գուրգեն Շահինյանն է` 7248 ձայնով, «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չորրորդն է` 1220 քվեներով: Մյուս երկու թեկնածուները հավաքել են 1000-ից պակաս ձայներ:

Հաղթած թեկնածուն «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ այս անգամ, ի տարբերություն մայիսի 12-ի ընտրությունների, այլեւս կասկածներ չեն կարող լինել իր հաղթանակի մեջ. - «Այսպիսի թափանցիկ ընտրություններ մենք երբեք երեւի չենք տեսել»:

«Հանրապետականը իմ կողքին էր, սատարում էր ինձ, եւ այս ամբողջ հաղթանակը նաեւ Հանրապետականի հաղթանակն էր», - շեշտեց Խաչիկ Մանուկյանը:

Այս անգամ նա մտադիր չէ հրաժարվել մանդատից, քանի որ «խանգարող հանգամանք չկա, բոլորի համար արդեն պարզ է, բոլորը արդեն ընդունեցին»:

Մնացական Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ չի պատրաստվում բողոքարկել ընտրությունները, իր վստահված անձինք հայտնել են, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ է անցել: Միաժամանակ, նրա խոսքերով, Հանրապետականը օգտագործել է վարչական լծակները, ինչը ազդել է ընտրության արդյունքների վրա: Մնացականյանը հաջողություն մաղթեց Մանուկյանին եւ հայտնեց, որ շարունակելու է պաշտոնավարել որպես Թալինի քաղաքապետ:

Ընտրությունների վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի` երկուշաբթի օրը տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղի համար թիվ 15 ընտրատարածքում երեկ անցկացված ընտրությունների գործընթացն ու արդյունքները եւս պատմության գիրկն անցան էապես անազատ ու անարդար պայմաններում` ամենատարբեր իրավախախտումներով եւ իշխանական լծակների չարաշահումներով: Հուսով եմ, որ հանրապետության ղեկավարությունը` բոլոր մակարդակներով հանդերձ, ապագայում իր պարտականությունները կկատարի առավել պարկեշտ, օրինավոր ու ժողովրդահարգ եղանակով: Իսկ մինչ այդ` շնորհավորում եմ հաղթող ճանաչված Խաչիկ Մանուկյանին եւ մաղթում ամենայն բարիք 15-րդ ընտրատարածքի մեր հայրենակիցներին անձնվիրաբար ծառայելու պատվաբեր առաքելության մեջ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով, սակայն թիվ 15 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում առաջադրվել էր նաեւ մեծամասնականով:

Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 15 ընտրատարածքում Խաչիկ Մանուկյանը ձայների ոչ մեծ առավելությամբ հաղթել էր Մնացական Մնացականյանին, սակայն հետո հրաժարվել էր մանդատից` իր քայլը այսպես պատճառաբանելով. - «Քանի որ շրջանառվում են լուրեր, թե տեղի են ունեցել խախտումներ, ճնշումներ եւ այլն, այդ ամենին վերջ տալու համար ես ինքս որոշում եմ կայացրել, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան»:


Հովհաննես Շողիկյան, Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG