Մատչելիության հղումներ

«Դաշինք»-ը ճիշտ ճանապարհ է համարում քաղաքական դաշտի միաձուլումը


Ճիշտ ճանապարհը բոլոր կուսակցությունների համար` քաղաքական դաշտի միաձուլումն է տարբեր գաղափարական հոսանքների շուրջ, որից հետո միայն արժե խոսել, թե ո՞վ կկարողանա լինել նախագահի թեկնածու: Այդ մասին հայտարարեց «Դաշինք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գնել Ղլեչյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանելով «Դաշինք»-ի, «Ազգային վերածնունդ» կուսակցության եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ( ՀՌԱԿ) միավորման մասին լուրերը:

Ղլեչյանը հիշեցրեց, որ դեռեւս խորհրդարանական ընտրություններում ընդդիմության ընդհանուր պարտությունից, ինչպես նաեւ երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու իրենց մտադրության վերաբերյալ ընդդիմադիր գործիչների հայտարարություններից հետո «Դաշինք»-ը խոսում էր այն մասին, որ առաջնայինը ոչ թե միասնական թեկնածուի ընտրությունն է, այլ նախ` քաղաքական համախմբումը:

ՀՌԱԿ-ը, «Դաշինք»-ի ղեկավար անդամի խոսքերով, «ավանդական կուսակցություն է, եւ նրա անունը երբեք չի կարող վերանալ Հայաստանի քաղաքական դաշտից, ուստիեւ ճիշտ է, որ ազատական գաղափարախոսություն ունեցող ուժերը միավորվեն հենց ՀՌԱԿ-ի անվան տակ»:

Ղլեչյանը հայտնեց, որ սեպտեմբերին «Դաշինք»-ը կհրավիրի համագումար եւ գոնե իր մասով այս խնդիրը կլուծի: Այնուհետեւ, եթե այլ կուսակցություններ ՀՌԱԿ-ին միանալու ցանկություն ունենան, նրանք նույնպես պետք է համագումարներ հրավիրեն, որոշում կայացնեն:

Ակնկալվում է, որ ՀՌԱԿ-ի վերջնական համագումարը տեղի կունենա դեկտեմբերին, որտեղ արդեն կորոշվի, թե ով է ղեկավարելու նորացված կուսակցությունը:

Գնել Ղլեչյանը վաղաժամ է համարում այն խոսակցությունները, թե ՀՌԱԿ-ի նոր ատենապետն է լինելու «Դաշինք» կուսակցության առաջնորդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, եւ որ հենց նա է նաեւ Սփյուռքում ընդունելի թեկնածուն. այս խնդիրները պետք է քննարկվեն միայն վերջնական միաձուլումից հետո:

«Մեզ համար սկզբունքայինը գաղափարների շուրջ համախմբվելն է, ոչ թե սեփական ամբիցիաները առաջ մղելը, ինչն էլ մենք ապացուցում ենք: Համենայնդեպս, փաստորեն կստացվի, որ եթե մենք սեպտեմբերին անենք համագումար եւ «Դաշինք»-ը միաձուլվի, մենք բոլորս, այդ թվում նաեւ «Դաշինք» կուսակցության ներկայիս քաղխորհրդի բոլոր անդամները, կդառնանք Ռամկավար կուսակցության շարքային անդամներ, որի նախագահը կլինի [ՀՌԱԿ-ի ներկայիս ատենապետ] Հարություն Առաքելյանը», - շեշտեց Ղլեչյանը:

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը եւս, ով ներկայումս արձակուրդում է` Հայաստանից դուրս, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ընդգծեց, որ խոշորացումը բխում է բոլորի շահերից:

Սամվել Բաբայանի` ՀՌԱԿ-ի նոր ատենապետ դառնալու հնարավորության առնչությամբ Առաքելյանը ասաց. - «Դա լինում է համագումարով, կոլեգիալ որոշումով: Եթե համագումարը կորոշի` [կուսակցության ղեկավարը] կփոխվի, անձամբ ինքս ցավագին չեմ ընդունի: Իմ խնդիրը, ավելի շուտ, կուսակցությունը հզորացնելը, կուսակցականների քանակը կրկնապատկելը, եռապատկելը, կառույցների քանակը կրկնապատկելը, եռապատկելն է, եւ իմ անձը հաստատ այդքան չեմ կարեւորում: Եվ եթե ընթացքում ստացվի մեր համագործակցությունը` միանանք կառույցներով մի քանի կուսակցություն, կարծում եմ, իմ առջեւ դրված հիմնական խնդիրը ես կատարած կլինեմ»:

«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը նույն հարցի առնչությամբ ասաց, որ նման որոշում առայժմ չկա, դրանք պարզապես ընդհանուր խոսակցություններ են քաղաքական կուսակցությունների համախմբման վերաբերյալ:

«Այս պահին դեռեւս ընդամենը մտադրություն, ցանկություն կա, որպեսզի Հայաստանում քաղաքական ուժերը գաղափարական ընդհանրությունների հիման վրա համախմբվեն: Մենք որեւէ գործնական, կոնկրետ քայլեր դեռ այդ ուղղությամբ չենք ձեռնարկել», - նշեց Բազեյանը:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարում` «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG