Մատչելիության հղումներ

Վարչապետը կառավարության նիստի օրակարգից հանել է Սեւանին վերաբերող վիճահարույց որոշման նախագիծը


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ կառավարության նիստի օրակարգից հանել է Սեւանա լճի մակարդակի բարձրացումը դադարեցնելու վերաբերյալ վիճահարույց որոշման նախագիծը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կառավարության խոսնակ Մերի Հարությունյանը, վարչապետը հանձնարարել է հանգամանորեն քննարկել նախագիծը շահագրգռված կազմակերպությունների եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ եւ կրկին այն ներկայացնել կառավարութանը:

Նախագծի ընդունման դեպքում Սեւանա լճի մակարդակի բարձրացումը կդադարեցվի ծովի մակերեւույթից 1905 մետր բարձրության վրա, մինչդեռ նախկինում նախատեսված էր լճի մակարդակը բարձրացնել մինչեւ 1908 մետր:

Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովն այս շաբաթ իր նիստում քննարկել է կառավարության որոշման նախագիծը եւ եզրակացրել, որ «ընդհանուր 1908 նիշը պետք է անվերապահորեն պահպանել»:

Հանձնաժողովի նախագահ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի նամակում, որը չորեքշաբթի օրը ուղարկվել էր վարչապետ Սերժ Սարգսյանին, ասված էր. - «Լճի հանդեպ ամեն մի անտարբեր, շահախնդիր եւ ոչ մասնագիտական մոտեցում կարող է անդարձելի բացասական հետեւանքներ ունենալ Սեւանա լճի էկոհամակարգի վրա եւ այն դարձնել ճահճային ջրամբար: Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի Սեւանա լճի անվերադարձ դեգրադացումը կանխելու համար, որի ջրերը հանդիսանում են երկրի եւ տարածաշրջանի խմելու ջրի ռազմավարական պաշարներ: Ցավալի է, որ հանրապետությունում դեռ կան պետական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնք չեն հասկանում մաքուր եւ ջրառատ Սեւանի նշանակությունը հանրապետության ռազմավարական անվտանգության համար»:

Հանձնաժողովը գտնում է, որ «1908 նիշից ներքեւ գտնվող տարածքներում կառուցապատումները կատեգորիկ պետք է արգելվեն», իսկ «այն հիմնական քարե շինությունները, որոնք այսօր արդեն գործում են օրենքով սահմանված կարգով, պետք է ապամոնտաժվեն եւ տեղափոխվեն 1908 նիշից վերեւ»:

Որոշ դիտորդներ համոզված են, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացումը նախատեսվածից 3 մետր ավելի ցածր մակարդակի վրա դադարեցնելու մտադրությունը պայմանավորված է ափամերձ շինությունները չվտանգելու մտահոգությամբ: Այդ շինություններից շատերը, տարբեր աղբյուրների համաձայն, պատկանում են Հայաստանի մեծահարուստներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին:

Հանձնաժողովի փոխնախագահ պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել էր. - «Հասկանալի է, որ դա արվում է ռեստորաններն ու դաչաները պահպանելու համար: Խայտառակ բան է՝ պետությունը մտածում է մի քանի հոգու մասին` արհամարհելով մի ողջ լճի պրոբլեմ: Ամբողջ մի պետություն որոշում է չբարձրացնել լճի մակարդակը, որ այդ կառուցապատմանը վնաս չտա»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG