Մատչելիության հղումներ

Թուրքիայի հարավ-արեւելյան շրջանում վերստին բախվել են բանակն ու քրդերը


«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, թուրք զինվորականները Թունջելիի գավառում երեկ երեկոյան մարտական գործողություններ են ծավալել Քրդստանի աշխատավորական կուսակցության զինված ջոկատի դեմ:

Զինվորները քրդերին կարգադրել են վայր դնել զենքը, սակայն քրդերը դիմադրություն են ցույց տվել: Մարտի ընթացքում զոհվել է 5 քուրդ ապստամբ եւ 3 թուրք զինվոր:

Թուրքիայի հարավ-արեւելյան շրջանում քրդերը 1984 թվականից զինված պայքար են մղում ինքնավարություն հաստատելու համար: Բախումների ընթացքում զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ:

Թուրքերը պնդում են, որ հարեւան Իրաքի հյուսիսային շրջանում ապաստանած քրդերը ժամանակ առ ժամանակ անցնում են Թուրքիայի տարածք եւ միանում ապստամբների ջոկատներին:

Անկարան սպառնում է լայնածավալ գործողություն իրականացնել Իրաքի հյուսիսում, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգները հորդորում է չդիմել այդ քայլին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքին առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի Անկարա, որտեղ կքննարկի Իրաքի հյուսիսում դիրքավորված քուրդ զինյալներին վնասազերծելու հարցը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությունը դասում են ահաբեկչական կազմակերպությունների շարքը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG