Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումների հնարավոր դադարեցման շուրջ իր դատողությունները փոխանցելով` «Հայք» թերթի գլխավոր խմբագիրն ընդհանրացրել է. - «Իշխանական վերնախավում հայտնված մի քանի սակավամիտներ քիչ է մնում հայ ժողովրդին համոզեն, որ գետերը սկիզբ են առնում ծովերից ու թափվում լեռները, որ կենցաղային իրերից լավագույն արդուկը հեռուստացույցն է, որ ամենահամեղ միս ունեցող թռչունն ինքնաթիռն է, եւ այսպես շարունակ: Հայաստանը նրանց պատկերացումների մեջ վերածվել է մի երկրի, որտեղ մարդուն սպանում եւ դուրս են նետում լուսամուտից, հետո ասում, թե նա ինքնասպան եղավ: Որտեղ հեռուստաընկերություն են փակում եւ հայտարարում, թե այն չի փակվել»:

Հայաստանյան եթերի ուրվապատկերին անդրադառնալով` «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը շեշտադրել է. - «Եթե, ասենք, «Հայլուր»-ն իշխանությանը ամեն օր փառաբանում է, ապա այդ գովասանքներն ինքնին ոչ մի կոպեկ չարժեն: Թափանցիկ ընտրությունների եւ երկնիշ տնտեսական աճի գովքը արժեք կունենա միայն այն դեպքում, երբ այն կհնչի, օրինակ, «Ա1+»-ի կամ «Ազատություն» ռադիոկայանի եթերում, որտեղ տեղ կգտնեն նաեւ կարծիքներ, ըստ որոնց ընտրություններն այնքան էլ թափանցիկ չէին, իսկ տնտեսական աճը այնքան էլ տպավորիչ չէ: Իսկ եթե ամբողջ լցված է միմիայն գովանսանքով, ապա այդ հաճոյախոսությունները լսողները հաստատ կգան եզրակացության, որ դրանք անկեղծ չեն, որ պատասխանատուները ստիպված են ներբողներ հյուսել, հակառակ դեպքում նրանց ձայնը պարզապես կկտրեն»:

«Աբսուրդի շղթա» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, անդրադառնալով «Ազատության» հնարավոր եթերազրկման շուրջ տարբեր միջազգային կառույցների մտահոգություններին, ընդգծել է. - «Հիմա ամերիկացիների կամ, ասենք, տարբեր եվրոկառույցների հայտնած մտահոգություններն այլեւս ժամանակավրեպ են. գնացքն արդեն գնացել է: Ինչպես ժողովուրդն է ասում` թող լեզուները կտրեն ու դնեն տակները: Իսկ հանուն «Ազատության» եթերում լինելու պայքարը մեր` Հայաստանի քաղաքացիներիս խնդիրն է: Ու չնայած «Ազատություն»-ը պաշտոնապես ֆինանսավորում է ԱՄՆ-ի կոնգրեսը, ամերիկացիներին ու եվրոպացիներին այդ պայքարում նույնիսկ մոտիկ թողնել չի կարելի: Վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու նրանց ցանկությունները ընդամենը շղարշ էին` տարածաշրջանային կամ գլոբալ հարցեր լուծելու համար: Իսկ խոսքի ազատության համար պայքարը այն գործընթացը չէ, որի ժամանակ կարելի է հույս դնել կռվի դաշտից փախնողների վրա»:

Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերի հետագա ճակատագրերին անդրադառնալով` «168 ժամ» թերթի մեկնաբանը նկատել է. - «Կարելի է չկասկածել, որ այսօր բացառապես կոճակ սեղմելու համար խորհրդարանում հայտնված պատգամավորները կընդունեն այդ օրինագծերը: Որովհետեւ այն մարդկանց, որոնց համար ազատությունը որեւէ արժեք չունի, պետք չէ նաեւ ազատ խոսքը, հետեւաբար նաեւ` «Ազատություն» ռադիոկայանը: Որովհետեւ կոճակ սեղմողներին ընդամենը պետք է, որ իրենց փոխարեն մտածողների իշխանությունը հնարավորինս երկար գոյատեւի»:

«Չորրորդ իշխանություն» թերթը փոխանցել է. - «Ազատություն» ռադիոկայանի փակման հեռանկարը, կարծես, նոր լիցք է հաղորդել ընդդիմությանը, եւ հաջորդ ուրբաթ մի քանի ընդդիմադիր ուժեր միասնական հանրահավաք են անելու: Սա իսկապես ոչ միայն միավորվելու համար է հրաշալի առիթ, այլեւ` Արեւմուտքին դուր գալու: Եվ կարելի է չկասկածել, որ ուրբաթ օրվա հանրահավաքը շատ ավելի մարդաշատ է լինելու: Ընդ որում, դրա համար առանձնապես չարժե ունախանալ, որովհետեւ դա նշանակում է միայն մի բան` ժողովուրդը պատրաստ է ոչ թե պայքարել հանուն ազատության, այլ լսել, թե ինչպես են հանուն ազատության պայքարում նրանք, ովքեր իրենց էժան երշիկ ու բարձր թոշակներ են խոստացել»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG