Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Սա դեռ վերջը չէ» վերնագրի ներքո ներկայացնում է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի կարծիքը Ազգային ժողովում քննարկման դրված օրինագծի վերաբերյալ. - «Ա1+»-ի եւ «Ազատության» փակումը նույն գործընթացի շարունակություն է, եւ գնալով այդ գործընթացը ավելի խիստ դրսեւորումներ է ունենալու: Սխալ է, երբ ասվում է, թե այսօր գրաքննություն չկա, որովհետեւ այն վախը, որ ներարկեցին մեզ, դա այն նույն սարսափի գրաքննությունն է, որը բոլոր ԶԼՄ-ներին հեռու է պահում իրականում տեղի ունեցող գործընթացներից: Ես համարում եմ, որ սա դեռ վերջը չէ: Եվ դա ավելի լուրջ շարունակություն է ունենալու մամուլի ազատ խոսքը ճնշելու ուղղությամբ, որովհետեւ ԶԼՄ-ները շատ կարեւոր դեր են խաղալու նախագահական ընտրությունների ժամանակ: Դա հասկանում ենք ե'ւ մենք, ե'ւ իշխանությունները»:

«Ազատությունը» չորրորդ գումարման Ազգային ժողովի փորձաքար» վերնագրի տակ «Ժամանակ-Երեւան»-ը շեշտադրել է. - «Խորհրդարանական մեծամասնությունը թեեւ երեկ Ազգային ժողովի ամբիոնից կուրծք ծեծեց, թե «Ազատություն» ռադիոկայանի երկրպագուներից է ու դեմ է ռադիոկայանի փակմանը, մասնավոր զրույցներում նրանցից ոմանք խոստովանեցին, որ չեն կարող «դեմ» քվեարկել իրենց կառավարության եւ վարչապետի բերած օրինագծին»։ «Իսկ «Ազատություն»-ը փակելու սցենարը, պարզվում է գծագրվել է դեռ անցած ձմռանից», - հավելել է թերթը։

«Առավել լավ առիթ խորհրդարանական մեծամասնությունը «փչացնելու»՝ հրահանգելով ՀՀԿ բոլոր «ժողովրդավարներին, երկրորդ սերնդի բարեփոխիչներին» սեղմել «Ազատություն» ռադիոկայանն արգելելու փականը, դժվար գտնվեր։ Ի դեպ, հրահանգը կտրուկ տրվել է բոլոր ՀՀԿ-ականներին, մի քիչ էլ՝ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ նույնքան կտրուկ պահանջվել՝ բացականեր չլինեն», - պնդել է «Իրավունք»-ի մեկնաբանն ու եզրակացրել. - «Այո, նախագահականը, ինչպես միշտ, գտավ փայլուն լուծում։ Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ «օրվա» հիմնական զեկուցողն օրենքում փոփոխությունները ներկայացնում էր Քոչարյանի քվոտայով նախարար Գեւորգ Դանիելյանը, եւ սա նրա երկրորդ «սեւ» գործն էր. առաջինը «գերակատարեց» Սահմանադրական դատարանում ընդդիմության՝ մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի «մասով»։ Երկրորդ քայլով մարդը, ոչ մեկ-ոչ երկու՝ պատերազմ հայտարարեց Սպիտակ տանը՝ ԱՄՆ-ին»։

«Պայքար ազատ խոսքի դեմ» վերնագրի տակ «Հայք» թերթի մեկնաբանը փոխանցել է. - «Ազգային ժողովում տեսակետ էր շրջանառվում, որ նախագահի նստավայրից այս օրինագծով փորձել են միանգամից «երկու նապաստակ խփել»։ Օրինագծի ընդունման դեպքում կկարողանան լռեցնել իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող միակ էլեկտրոնային լրատվամիջոցը՝ «Ազատություն» ռադիոկայանը։ Իսկ դա մեծ վնաս կհասցնի նախագահ դառնալու երազանքներ փայփայող Սերժ Սարգսյանի առանց այն էլ ցածր վարկանիշին»։ «Ի վերջո, Ազգային ժողովի մեծամասնությունը, որը պետք է ընդունի այս օրինագիծը, նրա ղեկավարած ՀՀԿ անդամներն են», - հավելել է թերթը։

«Ցինիզմի շքերթ» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Այն, ինչ երեկ կատարվում էր Ազգային ժողովում, այլ կերպ, քան ցինիզմի շքերթ դժվար է անվանել: Արտահերթ նստաշրջանի երեկվա օրը ամբողջությամբ նվիրված էր «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակման առաջիկա դադարեցման համար իրավական ձեւակերպումներ տալուն: Իսկ ցինիզմն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունն «Ազատության» փակման անհրաժշետությունը հիմնավորում էր Հայաստանում ժողովրդավարության եւ խոսքի ազատության մասին ճառերով»:

«Իշխանությունները որոշել են փակել «Ազատություն» ռադիոկայանը», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Ընդ որում, իշխանական ուժերը չեն էլ փորձում թաքցնել, որ ոչ թե իրավական կամ տնտեսական, այլ կոնկրետ քաղաքական խնդիր են լուծում: Առանձին հանրապետական պատգամավորներ, իհարկե, կմկմում են, թե այս ամենը խոսքի ազատության հետ կապ չունի, բայց, ի վերջո, չեն դիմանում ու սկսում են իրենց քայլերը բացատրել պետության տեղեկատվական անվտանգության, արտաքին անվտանգության եւ այլ հանգամանքներով: Իսկ իշխանական մամուլը բաց տեքստով գրում է, որ «Ազատություն» ռադիոկայանը Հայաստանում հակապետական քարոզչություն է իրականացնում»: «Եթե «Ազատություն» ռադիոկայանը վնասում է Հայաստանի պետական շահերին, ուրեմն ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ դրա հեռարձակումը, իսկ եթե չի վնասում, ուրեմն չի կարելի այդպիսի անհեթեթ տուրքեր սահմանել», - եզրահանգում է թերթը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG