Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարովը «ապակառուցողական» է որակում Ղարաբաղի կարգավիճակին առնչվող հայտարարությունները


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «ապակառուցողական» է որակել հայ պաշտոնատարների հայտարարությունները այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում նախ եւ առաջ պետք է հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

«Եթե հայկական կողմը նորից սկսում է ելնել իր նախկին դիրքորոշումից, ըստ որի` նախ եւ առաջ պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա ոչ մի կերպ չի համապատասխանում ո'չ բանակցությունների ընթացքում կողմերի քննարկումներին, ո'չ Պրահայի գործընթացին եւ ո'չ էլ հակամարտության փուլային կարգավորմանը», - հայտարարել է Մամեդյարովը «Նովոստի - Ազերբայջան» գործակալությանը:

Նրա խոսքերով, «թե’ հայկական եւ թե’ ադրբեջանական կողմերը, ինչպես եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, քանիցս հայտարարել են, որ առաջին հերթին պետք է լինի հայկական զորքերի դուրսբերում»:

Այնուհետեւ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, «այնտեղ պետք է տեղակայվի խաղաղապահ զորախումբ, վերականգնվի ենթակառուցվածքը, մշտական բնակության վայրերը վերադարձվեն ադրբեջանցի փախստականները, եւ միայն դրանից հետո քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

«Իսկ եթե հայկական կողմը կրկին բարձրացնում է նախ կարգավիճակը հստակեցնելու, ապա մյուս խնդիրները լուծելու հարցը, դա ապակառուցողական դիրքորոշում է», - հայտարարել է Մամեդյարովը` ամփոփելով. - «Դա նշանակում է ի չիք դարձնել մինչ այժմ կայացած ամբողջ բանակցային գործընթացը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG