Մատչելիության հղումներ

Տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ-ի գործող նախագահը եւ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը այսօր ժամանում է Ադրբեջան: Նրա գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Lենմարկերը:

ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պատվիրակությունը հանդիպում է ունենալու Ադրբեջանի ղեկավարության` նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Երեքշաբթի օրը Մորատինոսը եւ Լենմարկերը Բաքվից գալու են Երեւան: Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները Երեւանում հանդիպելու են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Նույն օրն էլ նրանք մեկնելու են Երեւանից:

Բանակցությունների առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:

Երկու երկրներում էլ, իշխանություններից բացի, նախատեսված են պատվիրակության հանդիպումները հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների հետ:

Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում ԵԱՀԿ-ի պաշտոնյաները կանդրադառնան խոսքի ազատության հետ կապված իրավիճակին. անկախ լրագրողների հետապնդումները այդ երկրում չեն դադարում:

Իսկ Հայաստանում, Ղարաբաղի խնդրից բացի, ակնկալվում են քննարկումներ հետընտրական գործընթացների շուրջ:

Մայիսի 22-23-ը տարածաշրջան էին այցելել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի եւ ֆրանսիացի համանախագահները: Բանակցություններից հետո նրանք հայտարարեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են հունիսի 9-ին հանդիպել Սանկտ Պետերբուրգում, որտեղ անցկացվելու է ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցելությունից անմիջապես հետո` այս շաբաթվա վերջում, միջնորդները ամբողջ կազմով` Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն ու Յուրի Մերզլյակովը, այցելելու են տարածաշրջան. հունիսի 5-6-ը նրանք լինելու են Բաքվում, հունիսի 7-ին` Երեւանում:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իրենք խորհրդակցություններ են վարելու երկու երկրների նախագահների հետ, որոնք մի քանի օրից հանդիպելու են Սանկտ Պետերբուրգում:

«Մենք հուսով ենք, որ այս անգամ նրանց դիրքորոշումները կմոտենան վաղուց քննարկվող մեր առաջարկների սկզբունքներին», - նշել է Բրայզան:

Թղթակցի այն հարցին, թե հունիսի 9-ին նախագահների հանդիպման ժամանակ ո՞ր հարցերն են լինելու ուշադրության կենտրոնում եւ ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից, ամերիկացի համանախագահը պատասխանել է. - «Հակամարտ երկրների ղեկավարները այս անգամ կքննարկեն Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները: Եթե հանդիպումը հաջող անցնի, եւ նրանց կարծիքները դրանց նկատմամբ համընկնեն` դա կդառնա խաղաղ բանակցությունների հիմքը»:

Բանակցային գործընթացի վրա Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին Բրայզան արձագանքել է. - «Չեմ կարծում, թե Հայաստանի խորհրդարանական ընտրությունները որեւէ ազդեցություն ունեն բանակցությունների գործընթացի վրա»:

«Ինչպես գտնում են ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցները, այդ թվում նաեւ մենք, ընտրությունները ժողովրդավարության առաջընթաց արձանագրեցին Հայաստանում` միաժամանակ ցույց տալով հերթական փուլում ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը», - ասել է ամերիկացի համանախագահը` ընդգծելով. - «Ընտրությունները կարեւոր էին Հայաստանի ներքին քաղաքականության համար, սակայն ես չեմ կարծում, թե դրանք որեւէ ձեւով կարող էին ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների վրա»:

Այն հարցին, թե որքանո՞վ է հնարավոր եւ իրական հակամարտության կարգավորման գործում արդեն այս ամառվա ընթացքում լուրջ առաջընթացը, Մեթյու Բրայզան պատասխանել է. - «Բանակցությունների ներկայիս մակարդակը հուսադրում է ինձ: Եթե նախագահների պետերբուրգյան հանդիպումը հաջող անցնի, ապա արդեն կարելի է խոսել առանցքային սկզբունքների շուրջ նախագահների համաձայնության հնարավորության մասին»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG