Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը ընտրությունները համարում է կայացած եւ ճանաչում է դրանց արդյունքները


Դաշնակցությունը մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները գնահատում է իբրեւ առաջընթաց Հայաստանում ժողովրդավարական, միջազգային չափանիշներով ընտրություններ անցկացնելու ճանապարհին, դրանք համարում է կայացած եւ ճանաչում է նախնական արդյունքները: Այդ մասին ասված է կուսակցության հայտարարությունում, որը հրապարակվեց այսօր:

Արձանագրելով քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ընտրություններին` Դաշնակցությունը համոզմունք է հայտնում, որ «սա սեփական կամքով իշխանություն ձեւավորելու հնարավորության եւ գիտակցության դրսեւորում էր»:

Միաժամանակ, Դաշնակցությունը փաստում է, որ «չհաջողվեց լիարժեքորեն կանխել ընտրական գործընթացներում արմատավորված արատավոր երեւույթները՝ բացառել պարտադրանքի եւ ընտրակաշառքի միջոցով քվեներ ձեռք բերելու գործելաոճը»։

Երեքշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսպես պատասխանեց այն հարցին, թե արդյոք Դաշնակցությունը կշարունակի՞ իշխանության մաս կազմել, թե՞ կգերադասի դառնալ ընդդիմություն. - «Ազգային ժողովում ստեղծվել է այնպիսի մեծամասնություն, որը, շատ հնարավոր է, կարողանա միանձնյա ձեւավորել կառավարություն, ստանձնել մոնոպոլ պատասխանատվություն այդ իշխանության համար: Մենք պաշտպանել ենք գործող նախագահին, եւ գործող նախագահը շարունակում է պաշտոնավարել: Այդ համագործակցությունը մենք շարունակելու ենք այսուհետ եւս»:

«Հանրապետական կուսակցության հետ մենք երկար ճանապարհ ենք անցել, չենք բացառում, որ համագործակցության որոշակի դաշտ եւս առաջանա», - նշեց Ռուստամյանը` հավելելով. - «Կոալիցիա ձեւավորել-չձեւավորելու հետ կապված առաջարկ մեզ չի եղել, ճիշտն ասած` չենք էլ կարծում, թե Ազգային ժողովի այս պատկերը այդպիսի առաջարկության տեղ թողնում է»:

«Ազգային ժողովում համագործակցությունը նշանակո՞ւմ է արդյոք պաշտոններ խորհրդարանում, օրինակ` Ազգային ժողովի փոխնախագահի», - այս հարցին Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց. - «Այդպիսի հավակնություն առաջանում է միայն այն ժամանակ, երբ խոսքը կոալիցիայի ձեւավորման մասին է: Եթե այդպիսի կոալիցիա չի ձեւավորվում, բնականաբար, մենք որեւէ պաշտոնի խնդիր չենք դնում»:

«Ոչ օրենսդիրում, ոչ գործադիրում», - հավելեց Դաշնակցության բյուրոյի անդամ, Ազգային ժողովի գործող փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը:

Նոր խորհրդարանի պատկերից Վահան Հովհաննիսյանը այսպիսի նախնական տպավորություն ունի. - «Ամբողջ ռուսամետ ուղղվածություն ունեցող ընդդիմությունը մնաց խորհրդարանի պատերից դուրս, իսկ ավելի արեւմտամետ ուղղվածություն ունեցող ընդդիմությունը` խորհրդարանի ներսում: Սա չի կարող պատահականություն լինել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG