Մատչելիության հղումներ

ԱԺԿ. «Այս ընտրությունները ոչ թե իշխանության հաղթանակի, այլ ընդդիմության պարտության ընտրություններ էին»


Հայաստանի ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր Շավարշ Քոչարյանի գլխավորած Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) գնահատմամբ` «այս ընտրությունները ոչ թե իշխանության հաղթանակի, այլ ընդդիմության պարտության ընտրություններ էին»:

«Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն իշխանությունները կազմակերպեցին արտաքուստ նորմալ, սակայն նախապես ուղղորդված արդյունքով: Նախորդ ընտրություններում կիրառված ֆիզիկական ճնշումները փոխարինվեցին հոգեբանական ճնշումներով: Միաժամանակ, կազմակերպված շրջիկ խմբերի միջոցով, հեծանիվի մեխանիզմն օգտագործելով, 1,5 անգամ ուռճացվեց ընտրողների իրական մասնակցությունը եւ այդ իրականում գոյություն չունեցող ձայները արձանագրվեցին հօգուտ իշխանական կուսակցությունների», - ասված է հայտարարությունում, որը տրամադրել են կուսակցության լրատվական ծառայությունից:

Ընդդիմության պարտության հիմնական պատճառը, այդուհանդերձ, Ազգային ժողովրդավարական կուսակցությունը համարում է այն, որ ընդդիմադիր ուժերը չկարողացան ներկայանալ որպես իրական ընդդիմություն գործող իշխանություններին եւ համախմբվել այլընտրանքային գաղափարի եւ ծրագրերի շուրջ. - «Դա դրսեւորվեց հատկապես 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների նկատմամբ որդեգրած ժխտողական դիրքորոշումով, ինչը խորհրդարանական ընդդիմության լիարժեք պարտության պատճառն է, ինչպես նաեւ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչը ողջ ընդդիմության անհաջողության պատճառն է»:

Կուսակցությունը փաստում է, որ «միայն ընդդեմ գործելու մոտեցումն իրեն սպառել է եւ, ըստ էության, նպաստում է, որպեսզի Հայաստանում տեղի չունենան որակական փոփոխություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG