Մատչելիության հղումներ

Փաստաբանի կարծիքով, ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո Արզումանյանը չի կալանվի


Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել էին երկուշաբթի երեկոյան, ըստ փաստաբան Հովիկ Արսենյանի, չի կալանվի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արզումանյանի շահերի պաշտպանը ասաց, որ չի կարծում, թե ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո քննիչները «միջնորդությամբ կմտնեն դատարան, որպեսզի կալանքի սանկցիա ստանան». - «Ես կարծում եմ, որ ավելին` կհետաձգեն ոչ միայն մեղադրանք առաջադրելը, որովհետեւ խորացված քննություն է անհրաժեշտ. անհրաժեշտ է պարզել այդ գումարները արդո՞ք ստեղծված են հանցավոր ճանապարհներով, ինչից հետո նոր սուբյեկտիվ կողմը պարզեն, թե ստացողը գիտե՞ր, որ դրանք հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել»:

Արզումանյանին ձերբակալելու հիմքերի կապակցությամբ փաստաբանը ասաց. - «Կասկածվում է իբր ապօրինի ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ օրինականացնելու մեջ: Այդպիսի ձեւակերպումով որեւէ հանցակազմ գոյություն չունի Քրեական օրենսգրքում... Հետեւաբար անհիմն է Ալեքսանդր Արզումանյանին ձերբակալությունը»:

Փաստաբանը ասաց նաեւ, որ թե’ ձերբակալության եւ թե’ որպես կասկածյալ հարցաքննվելու ընթացքում նախկին արտգործնախարարը հանդես է եկել հայտարարությամբ, որ իր «ձերբակալությունը որակում է որպես քաղաքական պատվեր» եւ որ իր նկատմամբ «իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում»:

Հարցին, թե արդյոք Արզումանյանի հարազատների կամ մտերիմների անուններով եղել են փոխանցումներ (նման փոխանցումների փաստը ընդունել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը), Արսենյանը արձագանքեց. - «Ձեռնպահ կմնամ այս պահին որեւէ արտահայտություն անելուց: Եթե նույնիսկ եղել են փոխանցումներ, չի նշանակում, որ այդտեղ հանցակազմ կա... Ենթադրությունով քրեական գործ չեն հարուցում»:

Վահան Շիրխանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ԱԱԾ-ի քննիչն այսօր իրեն հարցաքննության չի կանչել: Ավելին` քննիչը Շիրխանյանին ասել է` «մեկ էլ կհանդիպենք, երբ դուք ցանկանաք ցուցմունք տալ»:

«Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնողներից Արզումանյանը եւ Շիրխանյանը, ըստ ԱԱԾ-ի հաղորդարության, կասկածվում են 2005 թվականից ֆինանսական զեղծարարության համար հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ համաձայնության գալու եւ կասկածելի ծագում ունեցող գումար Հայաստան տեղափոխելու մեջ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG