Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերը պատրաստում են համատեղ հայտարարություն Արզումանյանի ձերբակալման կապակցությամբ


Հայաստանյան գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները այսօր կազմակերպած քննարկման ընթացքում խստորեն դատապարտեցին նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունը Ազգային անվտագնության ծառայության աշխատակիցների կողմից: Քննարկման մասնակիցները պատրաստում են համատեղ հայտարարություն:

«Ասել, որ մեղավորը պետք է պատժվի, ու կանգնել մի կողմ, դա նշանակում է թույլ տալ, որ Հայաստանում 37 թիվը լինի», - ասաց Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նրա խոսքերով, կա չգրված օրենք` նախկին իշխանություններին գործողները չեն դիպչում. - «Սերժ Սարգսյանը բա չի մտածո՞ւմ իր ապագայի մասին: Այս քայլերով ինքը ապագա իշխանություններին, որոնք իրեն ձերբակալելու են հետո, քարտ բլանշ է տալիս... Այսինքն` ինքն իր տակ փոս է փորում»:

«Շարանը կշարունակվի, քանի դեռ Հայաստանում ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտությամբ իշխանությունը չի փոխանցվել գործողից նորին: Սա մարտահրավեր է: Այս մարդու նկատմամբ նման քայլը պարզապես հայելին է Հայաստանի Հանրապետության, իր իշխանությունների», - ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Եթե այս իշխանությունը մնալու է, այս դեպքերը անընդհատ լինելու են», - ասաց ՀԺԿ-ի ղեկավար անդամ Ստեփան Զաքարյանը: - «Եթե այս ընտրություններում ոչինչ չփոխվի, այս մարդկանց կարող է բաց թողնեն, բայց հետո կբռնեն ուրիշներին եւ այլն»:

«Քաղաքացիական անհնազանդություն» շարժման անդամներից Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը այս ձերբակալության մեջ այլ ենթատեքստ է տեսնում. - «Այդ քաղաքական հետապնդումը կապված չէ ընտրությունների հետ: Իրենք իրենց ներքին շուկան արդեն ավարտել են եւ բաշխել են տեղերը խորհրդարանում: Իրենց անհանգստությունը կապված է հետընտրական գործընթացների հետ»:

«Պահանջում ենք Հայաստանի ողջ իշխանությունը փաստացի իրենց ձեռքում կենտրոնացրած Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից անհապաղ հայտնաբերել այս շինծու եւ ապօրինի գործողությունների իրական պատվիրատուներին եւ խստորեն պատժել: Հակառակ դեպքում նրանք կհաստատեն, որ սույն հանցագործության իրական պատվիրատում եւ հրահանգողն անձամբ իրենք են», - ասված է համատեղ հայտարարության նախագծում:

Այսօր ԱԱԾ վկայի կարգավիճակով հարցաքննության էր կանչվել նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ում, սակայն, չեն ձերբակալել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շիրխանյանը, այդուհանդերձ, չբացառեց, որ դա տեղի ունենա ավելի ուշ:

Արզումանյանը եւ Շիրխանյանը կասկածվում են ապօրինի եկամուտների օրինականացման մեջ:



Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG