Մատչելիության հղումներ

Բուշը կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից


Երեկ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հանդես եկավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա իր ամենամյա ուղերձով, որում նա կրկին խուսափեց «ցեղասպանություն» բառից` 20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները այս անգամ եւս անվանելով «զանգվածային սպանություններ»:

«Ամեն տարի այս օրը մենք մի պահ կանգ ենք առնում` հարգելու 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկի զոհերի հիշատակը, երբ մեկեւկես միլիոն հայեր իրենց կյանքը կորցրին Օսմանյան կայսրության վերջին տարիներին` զանգվածային սպանությունների եւ բռնի տեղահանման ժամանակ», - ասել է Բուշը իր ուղերձում: - «Ես միանում եմ ամերիկացի հայրենակիցներիս եւ աշխարհի տարբեր երկրներում բնակվող բոլոր հայերին` հիշատակելով այս ողբերգությունը եւ հարգելով անմեղ զոհերի հիշատակը: Աշխարհը երբեք չպետք է մոռանա պատմության այս ցավոտ էջը»:

«Բոլոր նրանք, ովքեր փայփայում են ազատությունը եւ գնահատում մարդկային կյանքի անձեռնմխելիությունը, այս ահավոր իրադարձությունները հիշում են խորը վշտով եւ դրանք ըմբռնելու դժվարությամբ: Փրկվածներից շատերը ստիպված հեռացան իրենց նախնիների երկրից եւ ցրվեցին աշխարհով մեկ: Այդուհանդերձ, այս սարսափելի մաքառման բովում աշխարհը դարձավ հայ ժողովրդի անկոտրում ոգու եւ բնավորության վկան», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:

«Փրկվածներից շատերը եկան Ամերիկա, որտեղ ամուր պահեցին կապը իրենց պատմության եւ մշակույթի հետ: Միացյալ Նահանգներում հայերի մի քանի սերունդներ հարստացրին մեր երկիրը եւ ոգեշնչեցին մեզ իրենց խիզախությամբ եւ համոզմունքներով», - նշել է Ջորջ Բուշը:

«Այսօր մենք հիշում ենք անցյալը եւ նայում ավելի պայծառ ապագային: Մենք ողջունում ենք այն անհատներին Հայաստանում եւ Թուրքիայում, ովքեր աշխատում են իրենց երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ», - ասել է ԱՄՆ-ի նախագահը` հավելելով. - «Օսմանյան ժամանակաշրջանի վերջին փուլում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անկեղծ ու բաց քննությունը այս գործընթացի էական մասն է»:

«Միացյալ Նահանգները սատարում եւ խրախուսում է նրանց, ովքեր ավելի հուսալի ապագայի հիմքեր դնելու համար փորձում են կառուցել պատմության ընդհանուր ըմբռնում», - հավաստիացրել է Ջորջ Բուշը:

«Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ ամուր եւ աշխույժ կապերը: Երախտապարտ ենք ահաբեկչության դեմ պատերազմում Հայաստանի ունեցած նպաստի եւ հատկապես խաղաղ եւ ժողովրդավարական Իրաքի կառուցմանը օժանդակելու նրա ջանքերի համար», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար Հայաստանի եւ Ադրբեջանի հետ աշխատելու իր հանձնառությանը», - նշել է Բուշը: - «Մենք աշխատանքներ ենք տանում նաեւ Հայաստանում ժողովրդավարությանը եւ տնտեսական բարեփոխումներին զարկ տալու ուղղությամբ, ինչը առաջ կմղի ազատության եւ արդարության սկզբունքը»:

«Լորան եւ ես հիշատակի այս հանդիսավոր օրը մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ամբողջ աշխարհի հայությանը: Մենք մնում ենք վճռական` ավելի խաղաղ, ավելի բարգավաճ եւ ավելի արդար աշխարհ կառուցելու գործում», - ամփոփել է իր ուղերձը ԱՄՆ-ի նախագահը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մեկնաբանելով Ջորջ Բուշի ուղերձը, մասնավորապես, ասել է. - «Ամերիկահայերը գնահատում են այս հանդիսավոր առիթով արտահայտվելու միջոցով ամբողջ աշխարհի հայությանը միանալու` նախագահ Բուշի պատրաստակամությունը, սակայն մնում են խորապես մտահոգված, որ նա Հայոց ցեղասպանության մասին բարոյական շիտակությամբ խոսելու հերթական հնարավորությունը բաց թողեց»:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը, իր հերթին, ընդգծել է, որ «նախագահ Բուշի ուղերձում հաշվի չի առնված ուրացման եւ խեղաթյուրման անպատկառ արշավը»: «Ի հեճուկս ցեղասպանության ուրացողների` ճշմարտությունը հաղթելու է», - շեշտել է Հրայր Հովնանյանը:

Ամերիկյան գրեթե բոլոր լրատվամիջոցները ուղերձի վերաբերյալ իրենց հաղորդագրությունները վերնագրել են` «Առանց «ցեղասպանություն» բառը նշելու»:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG