Մատչելիության հղումներ

Երգիչները «Կենդանի երկրագունդ» նշանաբանով ակցիա են նախաձեռնում


Երգիչներն ու երաժշտական խմբերը «Կենդանի երկրագունդ» նշանաբանով աննախադեպ ակցիա են նախաձեռնել` երկրագնդի կլիմայի գլոբալ փոփոխությունների, գլոբալ ջերմացման վրա աշխարհի երկրների ու պետությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրելու համար:

Ակցիայի կազմակերպիչները Նյու Յորքում հայտարարել են, որ հուլիսի 7-ին ամբողջ երկրագնդով մեկ ուղիղ կհեռարձակվի համաշխարհային շոու ծրագիր:

Համերգներ են անցկացվելու աշխարհի 7 մեծ քաղաքներում` Նյու Ջերսիում, Lոնդոնում, Տոկիոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Յոհաննեսբուրգում, Սիդնեյում ու Շանհայում` հանրահայտ երգիչների ու երաժշտական խմբերի մասնակցությամբ: Այդ քաղաքների խոշոր մարզադաշտերում կայանալիք համերգների տոմսերի գինը սկսվում է 108 դոլարից: Համերգները կշարունակվեն մեկ ամբողջ օր` 24 ժամ, ու 120 ալիքներով կհեռարձակվեն աշխարհով մեկ:

Կազմակերպիչներն ակնկալում են, որ այդ իրադարձությանը կհետեւի ավելի քան 2 միլիարդ մարդ` հեռուստատեսությամբ, ինտերնետով, ռադիոյով:

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալ Գորը, ով ներկայումս զբաղվում է բնապահպանական, կլիմայի փոփոխությունների խնդիրներով, ասել է. - «Կենդանի երկրագունդ»-ը կօգնի մեզ` ավելի շատ համագործակցելու, որպեսզի կառավարություններն ավելի վճռականորեն ձեռնամուխ լինեն կլիմայական ճգնաժամի լուծմանը»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG