Մատչելիության հղումներ

Պատգամավոր Հակոբ Հակոբյանը կպաշտպանի մյուս Հակոբ Հակոբյանի թեկնածությունը


Էջմիածին քաղաքն ընդգրկող թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության արդեն նախկին թեկնածու, Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը որոշել է պաշտպանել նույն ընտրատարածքում առաջադրված` Երեւանի Արաբկիր համայնքի ղեկավարի օգնական Հակոբ Հակոբյանի թեկնածությունը, ում հայցով պատգամավորը զրկվեց մայիսի 12-ի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Հակոբ Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում բացատրելով իր անսպասելի քայլը, հայտարարեց, թե քանի որ իրեն ընտրապայքարից հանելու գաղափարը գեներալ Սեյրան Սարոյանինն է, իսկ երեւանցի թեկնածուն ընդամենը կատարող է եղել, հետեւաբար, պաշտպանելով կատարողին` ինքը կպայքարի պատվիրատուի դեմ:

«Նա պարզապես կատարողն էր, մեզ պատվիրատուին է պետք պատժել, իսկ պատվիրատուն Սեյրան Սարոյանն էր, նրա գլխավորությամբ է ամեն ինչ եղել, եւ մենք այսօր պաշտպանել ենք», - ասաց Հակոբյանը: - «Ես` արդեն որպես ընտրող, պաշտպանելու եմ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը եւ կոչ եմ անելու Էջմիածնի բնակչությանը` ովքեր չեն ցանկանում Սեյրան Սարոյանին տեսնել Ազգային ժողովի պատգամավոր, գնան եւ ընտրեն Հակոբ Հակոբյանին»:

Իսկ եթե երեւանցի Հակոբ Հակոբյանը գեներալի հրահանգով մինչեւ ընտրությունները հանի իր թեկնածությունը, ապա պատգամավոր Հակոբ Հակոբյանը իր ընտրազանգվածին կոչ է անելու դեմ քվեարկել Սեյրան Սարոյանին. - «Կտեսնենք` այսքանից հետո ինքը, մենակ մնալով, կարո՞ղ է անցնել, թե՞ չի կարող»:

«Մենք հսկելու ենք բոլոր արկղերը, բոլոր ընտրատեղամասերում լինելու են մեր վստահված մարդիկ, որոնք պաշտպանելու են արդարությունը», - ասաց Հակոբյանը` հավելելով. - «Կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մեկ թեկնածուն կգնա պարտվելու»:

Այն հարցին, թե արդյոք երեւանցի թեկնածուն տեղյա՞կ է, որ պատգամավորը պաշտպանելու է իր թեկնածությունը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց, թե իրեն հետաքրքիր չէ նրա տեղյակ լինելը, ինչ-որ մեկին պաշտպանելը արգելված չէ օրենքով, հետեւաբար` ինքը պաշտպանում է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG