Մատչելիության հղումներ

2035 թվականին աշխարհն ավելի անկանխատեսելի ու վտանգավոր կլինի, քան այսօր


2035 թվականին աշխարհն ավելի անկանխատեսելի ու վտանգավոր կլինի, քան այսօր` պնդում են բրիտանացի ռազմական փորձագետները:

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությանը կից գործող հետազոտական կենտրոններից մեկի մասնագետները` ծովակալ Քրիս Փերիի գլխավորությամբ, 90-էջանոց զեկույց են հրապարակել, որի գլխավոր հետեւությունն է`առաջիկա երեք տասնամյակներում քաղաքակիրթ աշխարհը ստիպված կլինի նոր մարտահրավերների դիմակայել:

Դրանցից առաջինը բնակչության բնական աճի անհավասար բաշխումն է ըստ մայրցամաքների: Եթե Աֆրիկայի բնակչությունը մինչեւ 2035 թվականը կաճի 80, իսկ Մերձավոր Արեւելքի բնակչությունը` 132 տոկոսով, ապա Եվրոպայում բնական աճը անշեղորեն նվազելու է:

Ըստ բրիտանացի վերլուծաբանների, տվյալ ժամանակահատվածում աշխարհի բնակչության ընդհանուր թիվը կհասնի 8 միլիարդ 500 միլիոնի:

Մերձավոր Արեւելքը առաջիկա տասնամյակներին կշարունակի մնալ աշխարհի թեժ կետը: Այս առումով առաջատարը կարող է դառնալ Սաուդյան Արաբիան, որտեղ բնակչությունն ավելանում է աննախադեպ տեմպերով, շատ բարձր է գործազրկության տոկոսը, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է ներքին լարվածության աճի:

Համաշխարհային քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը կշարունակի մնալ իսլամական ահաբեկչությունը:

Բրիտանացի մասնագետները չեն բացառում, որ առաջիկայում իսլամական ծայրահեղականները նոր թիրախ ընտրեն իրենց համար` Չինաստանը. - «Այս պետության զարգացման տեմպերը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում Պեկինի դերի աճը կարող է իսլամական ծայրահեղական որոշ շրջանակների ուշադրությունը Արեւմուտքից վերասեւեռել դեպի Չինաստան»:

Բավական լավատեսական է բրիտանացի վերլուծաբանների կանխատեսման` Իրանին վերաբերող հատվածը: Ըստ դրա, մասնավորապես, առաջիկա տարիներին Իրանը կշարունակի ժողովրդագրական ու տնտեսական անշեղ աճ ապահովել, ինչը կմեծացնի երկրի ռազմավարական նշանակությունը աշխարհում: «Կավելանա երիտասարդ իրանցիները թիվը, որոնք ցանկանալով հաղորդակցվել համաշխարհային գլոբալացման գործընթացին` կկարողանան ապահովել Իրանի վերափոխումը ժողովրդավարական պետության», - պնդում են զեկույցի հեղինակները` հավելելով, սակայն, որ իսլամական հանրապետության ժողովրդավարացումը պարբերաբար կարող է դադարներ գրանցել:

Մինչեւ 2035 թվականը զգալի կլինեն նաեւ կլիմայական փոփոխությունները: «Գլոբալ ջերմացումը կշարունակվի աննախադեպ տեմպերով», - կանխատեսում են բրիտանացի փորձագետները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG