Մատչելիության հղումներ

Մահափորձ է կատարվել Գյումրիի քաղաքապետի նկատմամբ


Երկուշաբթի ուշ երեկոյան Երեւան - Գյումրի ավտոմայրուղու Աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ է բացվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա: Ղուկասյանը վիրավորվել է:

Իրավապահ մարմիններում «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները փոխանցեցին, որ Ղուկասյանի եւ նրան ուղեկցող մյուս ավտոմեքենայում եղած անձանցից երեքը մահացել են, իսկ Գյումրիի քաղաքապետը եւ նրա տեղակալ Գագիկ Մանուկյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Վարդան Ղուկասյանը, ով նաեւ ՀՀԿ-ի խորհրդի անդամ է, խորհրդի նիստից հետո` մոտ ժամը 22:00-ին ավտոմեքենայով շարժվել էր դեպի Գյումրի:

Երեկ մինչեւ ուշ գիշեր բժիշկները վիրահատում էին Գյումրիի քաղաքապետին եւ փոխքաղաքապետին:

Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց անմիջապես հետո այնտեղ են այցելել ՀՀԿ-ի խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սերժ Սարգսյանը, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանը, կառավարության այլ անդամներ, պատգամավորներ:

Այսօր առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկյական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկից հնարավոր եղավ միայն պարզել, որ Գյումրիի քաղաքապետի եւ նրա տեղակալի առողջական վիճակը կայուն է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ Գյումրիի քաղաքապետի վրա հարձակումը տեղի է ունեցել Երեւան - Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրի վրա. չպարզված ավտոմեքենայից ինքնաձիգից կրակահերթ են բացել մայրուղով ընթացող «Մերսեդես» եւ «Գազ - 3110» մակնիշի ավտոմեքենաների վրա: «Մերսեդես»-ում գտնվող Վարդան Ղուկասյանը եւ Գագիկ Մանուկյանը, ինչպես նաեւ վարորդը վիրավորվել են, իսկ «Գազ - 3110»-ի ուղեւորները` 3 մարդ, տեղում մահացել են:

Մահացածները, ըստ չճշտված տեղեկությունների, Գյումրիի քաղաքապետի թիկնապահներն են:

Վիրավորները նախ տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:


Աստղիկ Բեդեւյան, Հովհաննես Շողիկյան եւ Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG