Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինի հետ Իլհամ Ալիեւի հանդիպման օրակարգում կլինեն Ղարաբաղի եւ Իրանի խնդիրները


Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը երկու խնդիր առանձնացրեց, որոնք կհայտնվեն Պուտինի ու Ալիեւի ուշադրության կենտրոնում` Լեռնային Ղարաբաղի հարցը եւ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը:

«Ադրբեջանի նախագահը շահագրգիռ է` մեկ անգամ էլ խոսել Պուտինի հետ եւ ճշտել` արդյոք Ռուսաստանը պատրա՞ստ է օգտագործել իր ազդեցությունն ու ներուժը` ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար», - ասաց Մուսաբեկովը:

Իրանի շուրջ թեժացող կրքերը, ադրբեջանցի վերլուծաբանի խոսքերով, այսօր լրջորեն մտահոգում են ադրբեջանական իշխանություններին. - «Ադրբեջանական ղեկավարությունը այս թեմայով շատ ինտենսիվ բանակցություններ է անցկացրել թուրք գործընկերների հետ` ե’ւ զինվորական, ե’ւ քաղաքական, այդ թվում` վարչապետի հետ: Ադրբեջանը խորհրդակցություններ է անցկացրել նաեւ Միացյալ Նահանգների հետ` Վաշինգտոնում էր արտաքին գործերի նախարար Մամեդյարովը: Նմանատիպ քննարկումներ են եղել նաեւ Բրյուսելում` այնտեղ էր արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը: Այս պայմաններում, կարծում եմ, իրանական թեման Ռուսաստանի հետ քննարկելը եւս չէր խանգարի»:

Ադրբեջանի նախագահի մեկօրյա այցի պաշտոնական առիթը աշխարհահռչակ թավջութակահար, ծնունդով բաքվեցի Մստիսլավ Ռոստրոպովիչի հոբելյանական համերգին մասնակցելն է:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG