Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ի նախագահը վստահ է, որ արդար ընտրության դեպքում իրենք կստանան 10-15 տոկոս ձայն


Նախկին իշխանական կուսակցության` Հայոց Համազգային շարժման նախագահ Արարատ Զուրաբյանը կիրակի օրը հայտարարեց, որ եթե խորհրդարանական ընտրություններում «ցինիկությունն ավելի պակաս լինի», ՀՀՇ-ն կարող է ստանալ նվազագույնը 10-15 տոկոս ձայն:

«Իշխանությունները հրահանգում են, թե որ կուսակցությունը ինչքան ձայն պետք է ստանա», - ՀՀՇ-ի 15-րդ համագումարի ընդմիջմանը պատասխանելով լրագրողների հարցերին` ասաց Զուրաբյանը: - «Թե ինչ ցինիկության աստիճանի այս անգամ կհասնեն մեր իշխանությունները` չգիտեմ: Եթե մի քիչ ավելի պակաս լինի նրանց ներկայիս ցինիկությունը, ապա մենք համոզված ենք, որ այդ շեմը մենք հաստատ կհաղթահարենք»:

Մոտ 7 հազար անդամ ունեցող ՀՀՇ-ն մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգերով:

ՀՀՇ-ն մեծ նշանակություն է տալիս ոչ այնքան այս ընտրությունների ընթացքին, որքան հետընտրական զարգացումներին: Կուսակցությունը դեռեւս մտադիր չէ միանալ այլ ընդդիմադիր ուժերի նախաձեռնություններին: ՀՀՇ-ին ինքն է հանդես գալու բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք, սակայն, առայժմ չբարձրաձայնվեցին:

Համագումարն ընդունեց ՀՀՇ-ի նոր` փոփոխված ու լրացված ծրագիրը:

Համագումարին որոշ ուշացումով եկավ Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Լրագրողների հարցերին, սակայն, նա չպատասխանեց:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան լուրը ստանալուն պես, համագումարի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG