Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը մտադիր է անձամբ բացել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարել է Աղթամար կղզու Սուրբ Խաչ վերանորոգված եկեղեցին անձամբ բացելու մտադրության մասին:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը, Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որը վերանորոգվել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության նախագծով, բացվելու է մարտի 29-ին, այլ ոչ թե ապրիլի 15-ին, ինչպես նախապես հայտարարվել էր:

Վերլուծաբանները համոզմունք են հայտնում, որ եկեղեցու վերաբացման տվյալ ամսաթիվը միտումնավոր է ընտրվել, քանի որ ապրիլին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ակնկալվում է Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը:

Թուրքիայի վարչապետը նախատեսում է եկեղեցու վերաբացմանը մասնակցել ներկայացուցչական պատվիրակությամբ, որում ընդգրկված են լինելու կառավարության անդամներ, «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցությունից խորհրդարանի պատգամավորներ:

Արարողությանը հրավիրվելու են նաեւ Թուրքիայի հայ համայնքի, այլ երկրների հայկական սփյուռքի, Հայաստանի պետության ներկայացուցիչներ, այդ թվում՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Մինչ այդ, թուրքական թերթի փոխանցմամբ, Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու հարցի շուրջ բանավեճերը գնալով բորբոքվում են: Երկրի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աթիլա Քոչը, մասնավորապես, այդ առնչությամբ հայտարարել է. - «Եթե պարզվի, որ եկեղեցու գմբեթին նախկինում խաչ եղել է, ապա վերանորոգվածն էլ պետք է ունենա»:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին Գագիկ Արծրունու կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG