Մատչելիության հղումներ

Ստորագրվեց Փոթի - «Կովկաս» նավահանգիստ լաստանավի շահագործման մասին հուշագիրը


Երեքշաբթի օրը Երեւանում Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարարության եւ շվեյցարական «Ռեզերվ Քափիթալ Քորպորեյշն» ընկերության միջեւ ստորագրվեց հուշագիր Փոթի - «Կովկաս» նավահանգիստ լաստանավի շահագործման մասին:

«Սա կլինի լավ այլընտրանք, մրցակցություն կառաջանա եւ բեռնափոխադրումները կէժանան», - ստորագրման արարողությունից հետո ասաց Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը` հավելելով, որ նաեւ կկրճատվի Հայաստանից Ռուսաստան բեռների փոխադրման ժամկետը: - «Սա իսկապես շատ լավ իրադարձություն է, որովհետեւ այս լաստանավը աշխատելու է միայն Հայաստանի համար»:

Մանուկյանը հիշեցրեց, որ Փոթի – Ռուսաստան լաստանավային ուղիղ կապի հաստատումը «Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համապատասխան արձանագրության կետերից մեկն է, որ մարտ ամսին պետք է գործարկվի լաստանավային հաղորդակցությունը «Կովկաս» նավահանգիստ – Փոթի ուղղությամբ»:

Փոթի - Իլյիչեւվսկ (Ուկրաինա) լաստանավային կապը, որն իրականացնում է «Ուկրֆերի» ընկերությունը, այլեւս միակը չէ Հայաստանի համար:

«Մեր նախարարությունը` որպես ոլորտը համակարգող կառույց, աջակցության, իրավական դաշտի ապահովման, բեռների հավաքագրման եւ բեռներով լաստանավերը ապահովելու քաղաքականություն է վարում, իսկ լաստանավի սեփականատերը պարտավորվում է իրականացնել այդ չվերթները` արդյունքում դարձնելով գծային չվերթներ, մշտական աշխատող, եւ ապահովել մեր տնտեսության ուղղակի կապը Ռուսաստանի տնտեսության հետ, ինչը շատ էական է», - պարզաբանեց Հայաստանի գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG