Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը ցավակցական նամակ է հղել Դինքի այրուն


Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ցավակցական նամակ է հղել ուրբաթ օրը Ստամբուլում սպանված «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի այրուն:

«Ես տեղեկացա այն սարսափելի լուրին, որը ձեզ հարվածեց անսպասելիորեն, Ձեզ ու Ձեր երեխաներին, նաեւ Թուրքիայի ողջ հայկական համայնքին, ինչպես նաեւ թուրք ժողովրդին», - ասված է նամակում: - «Չկան այնպիսի խիստ բառեր, որոնցով կարողանամ դատապարտել այդ նողկալի արարքը, որը Թուրքիային զրկեց իր ամենից ավելի քաջ եւ ամենից ավելի ազատ ձայներից մեկից: Իր հիմնադրած «Ակոս» թերթի սյունակներում եւ բոլոր ամբիոններից նա հանձնառել էր պայքարել հիշողության պարտականության եւ հայ-թուրքական հաշտեցման համար»:

«Թույլ տվեք ինձ այս դժվարին հանգամանքներում հղել Ձեզ եւ Ձեր երեխաներին, ինչպես նաեւ «Ակոս» թերթի ողջ կազմին իմ տխրագին ցավակցությունները», - Հրանտ Դինքի այրուն ուղղած նամակը եզրափակել է Ֆրանսիայի նախագահը:

Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ տիկին Դինքին ցավակցական նամակներ են հղել նաեւ Ֆրանսիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին եւ արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG