Մատչելիության հղումներ

Միջգերատեսչական հանձնաժողովը վերջնական որոշում չկայացրեց Բաբաջանյանի դիմումի հարցով


Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովը չորեքշաբթի օրը վերջնական որոշում չկայացրեց «Ժամանակ - Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի դիմումի հարցով:

Պարտադիր զինծառայությունից խուսափելու համար սեպտեմբերին առաջին ատյանի դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման դատապարտված Բաբաջանյանը դիմել էր միջգերատեսչական հանձնաժողովին` խնդրելով իր նկատմամբ կիրառել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, ըստ որի, համապատասխան տուգանք վճարելով բաց թողնված յուրաքանչյուր զորակոչի համար, քաղաքացին ազատվում է քրեական հետապնդումից:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից Սասուն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ որոշում է կայացվել հարցում անել դատախազությանը` նշված օրենքի գործողությունը Բաբաջանյանի նկատմամբ կիրառելու օրինականության վերաբերյալ:

Սիմոնյանը հավելեց, որ միայն դատախազությունից ստացվելիք պատասխանից հետո պարզ կդառնա, թե արդյո՞ք Բաբաջանյանի հարցը «միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման խնդիր է»:

Հարցին, թե ինչո՞ւ Բաբաջանյանի դեպքում պահանջվել է դատախազության գրությունը, երբ մնացած դեպքերում որոշումն ընդունվում է առանց դրա, հանձնաժողովի անդամը պատասխանեց, թե Բաբաջանյանը մեղադրվում է համապատասխան հոդվածի երկրորդ մասով, մինչդեռ մյուսների նկատմամբ գործերը հարուցված էին նույն հոդվածի առաջին մասով:

«Առաջին մասը, եթե ես չեմ սխալվում, զինծառայությունից խուսափելն է ուղղակի զինկոմիսարիատ չներկայանալու միջոցով, իսկ երկրորդ մասը` փաստաթղթեր կեղծելու կամ խաբեության ճանապարհով», - պարզաբանեց նա:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, սակայն, հանձնաժողովը պարզապես ուզում է ձգձգել հարցի լուծումը մինչեւ վերաքննիչ դատարանի վճիռը, որտեղ գործը լսվելու է դեկտեմբերի 29-ին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG