Մատչելիության հղումներ

Հրդեհը «Նաիրիտ»-ում տեղայնացվել է


Կիրակի օրը առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում Երեւանի «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության արտադրամասերից մեկում բռնկված հրդեհը տեղայնացված է, սակայն դրա մարման աշխատանքները կարող են տեւել մի քանի օր:

Ինչպես երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի փրկարար ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Գրիգորյանը, այրվում էր լաք էթինոլ տեսակի քիմիական նյութի երկու ռեզերվուար՝ յուրաքանչյուրը 300 տոննա տարողությամբ:

«Այս պահի դրությամբ երկու տարաներից մեկից կրակը հազիվ է բարձրանում, բայց այրումը շարունակվում է, մյուսում լեզվակը բավական իջել է, եւ շարունակվում են հովացման աշխատանքները», - ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Հրդեհին տրվել է բարձրագույն աստիճան, դեպքի վայր է մեկնել հրշեջ մեքենաների 11 մարտական հաշվարկ, 2-ական ջրատար եւ շտապօգնության մեքենաներ:

Ինչ վերաբերում է հրդեհի հասցրած վնասներին, ապա, Հայաստանի փրկարար ծառայության փոխտնօրենի խոսքերով, այրվում է այն նյութը, որը գործարանի տնօրինությունը ցանկանում է ոչնչացնել. - «Լաք էթինոլը խտացված նյութ է, որը մածուցիկ դարձնելու եւ այրման ճանապարհով ոչնչացնելու համար պետք է հատուկ տեխնոլոգիաներ կիրառվեն, սակայն այսպիսի «ինքնաբռնկումների» շնորհիվ գործարանի տնօրինությանը հաջողվում է ազատվել ավելորդ բեռից»:

Հարցին՝ արդյոք կարելի՞ է ենթադրել, որ առկա են մտածված գործողություններ, Նիկոլայ Գրիգորյանը պատասխանեց. - «Ենթադրությունների դաշտը անպատասխանատու եւ անշնորհակալ գործ է, բայց ես կուզենայի ստանձնել այդ անպատասխանատվությունն ու անշնորհակալ գործը եւ ասել, որ այստեղ նկատվում է միտում»:

Դեպքից ընդամենը երկու օր առաջ հրդեհ էր բռնկվել նույն «Նաիրիտ» գործարանի մեկ այլ արտադրամասում՝ կոմպրեսորից գազի արտահոսքի պատճառով, որը բավական արագ մարվել էր:

Անցած ամիս՝ նոյեմբերի 12-ին «Նաիրիտ»-ում բռնկվել էր նույն լաք էթինոլի մեկ այլ տարողություն, եւ կրկին հրշեջների աշխատանքը կանխել էր հրդեհի տարածման կամ պայթյունի վտանգը:

Իսկ սեպտեմբերի 23-ին «Նաիրիտ»-ի կոլեկտորի խողովակաշարում տեղի ունեցած պայթյունի հզոր հարվածային ալիքը ավերել էր Նորագավիթ թաղամասով եւ Արարատի մարզի Այնթապ գյուղի տարածքով անցնող 40 դիտահորեր: Վիրավորվել էր 4 մարդ, վնասվել էին շինություններ եւ տարբեր մակնիշի վեց մարդատար ավտոմեքենա: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, եւ, ըստ Նիկոլայ Գրիգորյանի, հիմնավորվել էր «Նաիրիտ»-ի մեղավորությունը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG