Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծել բանակցություններով եւ ոչ թե հանրաքվե անցկացնել»


«Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծել բանակցություններով եւ ոչ թե հանրաքվե անցկացնել», - հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեն:

«Հանրաքվեն այն հարցն է, որը այսօր քննարկվում է բանակցային գործընթացի շրջանակներում», - ասել է Սեմնեբին երեքշաբթի երեկոյան Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ: - «Եվրամիությունը իր հիասթափությունն է հայտնում, որ հանրաքվեն անցկացվել է այն ժամանակ, երբ վերսկսվել են կողմերի միջեւ բանակցությունները»:

Նախօրեին Բրյուսելը հայտարարություն էր տարածել, որում ասված էր, թե Եվրամիությունը չի ճանաչում ոչ Լեռնային Ղարաբաղում կիրակի օրը անցկացված հանրաքվեն եւ ոչ էլ դրա արդյունքները:

Հանրաքվեի մասնակիցների 98 տոկոսից ավելին արտահայտվել են չճանաչված հանրապետության հիմնական օրենքի նախագծի օգտին, որով Լեռնային Ղարաբաղը սահմանվում է որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետություն:

Մոսկվացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2006 թվականը՝ Սեմնեբին նշել է. - «Տարին բարդ էր: Նախ այն հիասթափություն բերեց տարվա սկզբին՝ ղարաբաղյան գործընթացի առումով, այնուհետեւ վատթարացան ռուս-վրացական հարաբերությունները»:

Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունների առնչությամբ Սեմնեբին կարծիք է հայտնել, որ դրանց կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Վրաստանը այդ տարածքներին տրամադրի լայն ինքնավարություն: Ընդ որում, ըստ Եվրամիության հատուկ ներկայացուցչի, յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է:

Սեմնեբին հավելել է, որ թեեւ Եվրամիությունը չի ճանաչում Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դե-ֆակտո կառավարությունները, այնուհանդերձ, Եվրամիության պաշտոնյաները հանդիպում են այդ տարածքների ղեկավարների հետ, եւ այդ հանդիպումները շարունակվելու են:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG