Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը» խորագրի տակ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրն այսօր, բացառելով Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը, փաստարկել է. - «Կարծում ենք` սրա պատճառները խիստ տրիվյալ են. Պաշտպանության նախարարը հասկացել է, որ ինչքան էլ շատ փող ու սափրագլուխներ ունենաս, ժամանակակից քաղաքականության մեջ հասարակական աջակցությունը կարեւոր է: Եվ նա ուղղակի ուզում է իր գործողություններով մարդկանց, հանրության հետ հաշտության եզրեր գտնել: Պաշտպանության նախարարին թերեւս ինչ-որ մեկը համարձակվել է զեկուցել, որ ինքը հանրության շրջանում ահավոր բացասական ընկալում ունի, եւ նրա թիմը փորձում է այդ բացը լրացնել»:

«Գիպնոզ` օրը ցերեկով» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընդդիմության վրա գրեթե շամանական ազդեցություն է թողնում: Նրա ներկայությամբ միանգամից կորում է ընդդիմադիրների լիցքը՝ հակադրվելու իշխանություններին»: «Պաշտպանության նախարարի ներկայությամբ հանցագործ զույգին հիմնահատակ մոռացել էր Արտաշես Գեղամյանը, որը զույգի թեման հիշեց միայն նախարարի՝ շենքից դուրս գալուց հետո», - գրում է թերթը:

Նույն թեմային անդրադառնալով «Կատվի ձագերը դարձան առյուծներ, երբ Սերժ Սարգսյանը լքեց դահլիճը» խորագրի ներքո՝ «Առավոտ»-ը գրում է, թե ինչպես խորհրդարանական ընդդիմությունը «բերանը ջուր առած» մասնակցել է Իրաքում հայկական զորամիավորման մնալու ժամկետների երկարաձգման վերաբերյալ քննարկմանը, իսկ Սարգսյանի հեռանալուց հետո հիշել է, որ «Քոչարյան-Սարգսյան զույգը կործանում է հայրենիքը»:

«Կոտորակումը փոշիացնելու է ընդդիմությունը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի խմբագրականը, գնահատելով ընտրությունների նախօրեին քաղաքական ուժերի հնարավորությունները, ուրվագծել է. - «Խորհրդարանական ընտրություններին իշխանությունը ներկայանալու է առնվազն երեք զորասյուներով՝ ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, որոնց միջեւ ծավալվելու է հիմնական պայքարը։ Սակայն, որքան էլ սուր լինի մրցակցությունը այս ուժերի միջեւ, սրանցից յուրաքանչյուրը, ի վերջո, ստանալու է քվեների իր բաժինը եւ իր տեղերն է ունենալու ապագա խորհրդարանում։ Այլ է պատկերը ընդդիմության ճամբարում, որն այնքան է մասնատված, որ հետագա կոտորակումը հանգեցնելու է ընտրողների քվեների փոշիացմանը՝ 5 տոկոսի արգելքը չհաղթահարելու պատճառով։ Մինչդեռ իշխանության ճամբարում ստեղծվող ներկա յուրահատուկ «երրորդությունը» փաստորեն լուրջ շանս է տալիս ընդդիմությանը՝ միավորվելու եւ միասնական ճակատով հանդես եկող լուրջ ուժ դառնալու համար։ Ուստի, եթե ընդդիմության ճամբարում եւս ընթացող կոտորակման գործընթացը շատ ավելի մեծ ծավալներ է ընդունում, ապա դժվար չէ եզրակացնել, որ վերջինիս հնարավորությունները անհուսորեն նվազում են»։

«Մենք դուրս ենք գալու փողոց» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը հարցազրույց է հրապարակել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Ընդդիմադիր գործիչը տեղեկացրել է, որ ոչ միայն առաջադրվելու է որեւէ մեծամասնական ընտրատարածքում, այլեւ կոչ է անելու իշխանության բարձրաստիճան որեւէ ներկայացուցչի, օրինակ՝ Անդրանիկ Մարգարյանին կամ Սերժ Սարգսյանին, նույն ընտրատարածքում առաջադրվել իր հետ: «Ես նրանց կոչ եմ անելու ոչ թե կոստյում-փողկապով նստած՝ եթերով տեսակետներ հայտնել, այլ իրենց թեկնածությունը կոնկրետ ընտրատարածքում դնել: Կոչ եմ անելու՝ միասին կոնկրետ ընտրատարածքում պայքարենք ու տեսնենք, թե ով կհաղթի», - «Հայկական ժամանակ»-ին ասել է Արամ Սարգսյանը:

Սպիտակի երկրաշարժի տխուր տարելիցի նախօրեին «Տարեգիր» պարբերականն այսօր նկատել է. - «Աղետի գոտի արտահայտությունը տարիներ առաջ իր ուրույն տեղն ուներ զանազան նախընտրական ծրագրերում: Տրվում էին վարդագույն խոստումներ, բայց փաստը է, որ դեռ կան անտուններ: Ու այսօր էլ աղետի գոտի հասկացությունը շարունակում է կեղեքել մարդկանց ուղեղները: 18 տարի անց պետական պաշտոնյաները աղետի գոտու հետ կապված խոստումներ դեռ կտան: Առեւում էլի ընտրություններ կան»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG