Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 2-ը դեկտեմբերի)


Հայաստանյան օրաթերթերի շաբաթ օրվա թիվ մեկ թեման հենց թերթերին էր առնչվում, ավելի ստույգ՝ թղթի պատճառով դրանց լույս չտեսնելու հեռանկարին։

Այս կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ը, հիմնական մեղադրանքն ուղղելով «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանին, մասնավորապես, նկատել է. - «Վրեժ Մարկոսյանը վերջին շրջանում խիստ զբաղված է հասարակական գործունեությամբ: Լինելով «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ` այդ նույն միության պատվավոր նախագահ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ծառ էր տնկում: Մնացած գործերով էլ ձեռքի հետ զբաղվելու ժամանակ, ինչպես պարզվեց, քիչ է մնացել»: «Բայց սա խնդրի մի մասն է», - հավելել է թերթի գլխավոր խմբագիրը: - «Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհների «թողունակությունը» ներկայումս խիստ սահմանափակ է եւ գնալով ավելի է սահմանափակվում. մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը սկզբում փակեց Վերին Լարսի անցակետը, հետո դադարեցրեց «Նովոռոսիյսկ-Փոթի» լաստանավի շահագործումը, հիմա էլ «Իլյիչովսկ-Փոթի» լաստանավն է կանգնել: Այս պայմաններում բեռների արտաքին շրջանառությունը, ուզես թե չուզես, ենթարկվում է ոչ պաշտոնական քվոտավորման»:

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիրն էլ թղթի սակավության խնդիրը վերագրելով շրջափակմանը՝ հասցեագրել է. - «1994 թվականին կնքված զինադադարից հետո մեր իշխանությունը չկարողացավ խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ ու կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, որի հետեւանքով մի ամբողջ երկիր կախված է Սեւ ծովում փոթորիկից կամ նույն ծովում հեռախոսալարը կրծած շնաձկից»: «Մեր իշխանավորները հեծնել են ազգայնականության ձին եւ իրենց դրել են «մի խումբ ձիավորի» տեղ», - գրել է «Առավոտ»-ի խմբագիրը եւ ամփոփել. - «Այսօր ստեղծվել է թղթի դեֆիցիտ, վաղը նույնը կարող է լինել վառելիքի կամ հացահատիկի հետ»։

«Հայք»-ը փոխանցել է, թե «իշխանական վերնախավում Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը դարձել է կռվախնձոր»։ Ըստ թերթի, կոմիտեի ներկայիս ղեկավար Արմեն Ավետիսյանը կարող է հրաժեշտ տալ իր պաշտոնին, եւ նրա աթոռն առաջարկվել է Ազգային ժողովի «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին, որը, սակայն, հրաժարվել է։ «Մյուս թեկնածուն ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է», - գրել է «Հայք»-ը: - «Նա դեմ չէ զբաղեցնել Արմեն Ավետիսյանի տեղը, բայց առայժմ կա որոշակի դիմադրություն։ Դիմադրողը Սերժ Սարգսյանն է. Արմեն Ավետիսյանը վայելում է հենց նրա հովանավորությունը»։ Թերթի համոզմամբ, «այս ծրագիրը միտված է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Վիկտոր Դալլաքյանի համար մանդատ ապահովելուն»։

«Կդիմանա՞ արդյոք ակադեմիան բյուրոկրատների գրոհին» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ» թերթը, ուշադրությունը բեւեռելով Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամների առաջիկա ընտրությունների նախօրեին ստեղծված անառողջ մթնոլորտի վրա, նկատել է. - «Փաստորեն ստեղծվել է ԳԱԱ թղթակից անդամների ընտրությունները թաղապետերի կամ պատգամավորների աթոռների համար մեզանում պարբերաբար ընթացող մրցապայքարներին բնորոշ՝ ընտրակաշառքների, հովանավորչության եւ անձնական հարաբերություններ պարզելու դաշտ տեղափոխվելու լուրջ վտանգ»: «Եվ պետք է նշել, որ քողարկված հովանավորչության ապահովումն արդեն սկսվել է, քանզի ԳԱԱ թղթակից անդամի առանձին թեկնածուների հաջողվել է լրացուցիչ տեղեր պոկել կառավարությունից կամ էլ համապատասխան «վերաբերմունք ցույց տալ» այս կամ այն ակադեմիկոսին», - գրել է թերթը եւ որակել. - «Սկսել են գործի դրվել նաեւ արյունակցական-բարեկամական կապերը, այսինքն՝ այն, ինչը ներկա քաղաքական դաշտում ընդունված է անվանել կլանային հարաբերություններ»։

Հիշեցնելով, թե «հունվարի 1-ից տարադրամի փոխանակման կետերի մեծ մասը փակվելու է, որովհետեւ «անվտանգության միջոցառումները պատշաճ մակարդակի վրա չեն լինելու», «Չորրորդ իշխանություն» թերթը շեշտադրել է. - «Զարմանալի տրամաբանություն է, չէ՞. բանդիտիզմն ահավոր չափերի է հասել, իսկ իշխանությունները, բանդիտիզմի դեմ պայքարելու փոխարեն, չեյնջերն են փակում, որպեսզի կողոպուտի դեպքերը քիչ լինեն»։ «Ինչպիսի հուզիչ մտահոգություն», - հեգնել է թերթն ու եզրակացրել. - «Դրանից, իհարկե, հասարակությունը չի շահի։ Կշահի ՀՀ միանգամայն շարքային քաղաքացի Սեդրակ Ռոբերտիչը։ Բա իհարկե, ինչո՞ւ պիտի «ամեն բոմժ» տարադրամի փոխանակման կետ ունենա»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG