Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 25-ը նոյեմբերի)


«Հայոց Աշխարհ»֊-ը, անդրադառնալով կիպրահայ համայնքի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը, գրում է. - «Ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության կարգավորումը» հարցին նախագահ Ռ. Քոչարյանը դիվանագիտական պատասխան տվեց. - «Ավելի հեշտ է ասել, թե ինչպես չենք պատկերացնում հարցի լուծումը։ Պարզ է, որ Ղարաբաղը երբեք չի համաձայնի վերադառնալ նախկին կարգավիճակին։ Պարզ է, որ բացառված է Ադրբեջանին ուղիղ ենթակայության որեւէ տարբերակ։ Պարզ է, որ Ղարաբաղը ոչ մի դեպքում չի հրաժարվի իր անկախությունից։ Այս բոլորը երբ հանում ես, տակը բան չի մնում։ Ստացվում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք Ղարաբաղի հարցը լուծելու համար, փաստաթղթեր ձեւակերպելը կարող է տարիներ, նույնիսկ տասնամյակներ տեւել, ինչը նաեւ Մինսկի խմբի համանախագահներն են հասկանում»։

Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը «Առավոտ»֊-ում կարծիք է հայտնում. - «Այսօր Դաշնակցությունը միակ կուսակցությունն է, որը կարող է ստանձնել հակակշիռ քաղաքական ուժի առաջնորդի դերը սոցիալ֊-դեմոկրատական գաղափարախոսությամբ՝ ունենալով իր ավանդական համբավը եւ կազմակերպչական հնարավորությունները: Սակայն Դաշնակցության ղեկավարությունը նույնպես ընտրել է լինել հաղթողի կողմը՝ ազատականների, թեեւ բազմաթիվ լուրջ սոցիալական խնդիրներ են կուտակվել մեր տնտեսական նվաճումների առջեւ: Իմ կարծիքով, եթե Դաշնակցությունը չկարողանա ստանձնել սոցիալ-֊դեմոկրատական հակակշիռ քաղաքական ուժի առաջնորդի դերը, այս առանցքային պահին, դժբախտաբար, կանխատեսում եմ, որ ՀՅԴ֊-ն կարժեքազրկվի եւ կմատնվի ավանդական մյուս կուսակցությունների եզրային վիճակին»:

Անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի ռուսաստանյան այցին՝ «Ժամանակ Երեւան»֊-ը գրում է. - «Ըստ լավատեղյակ աղբյուրների, այս այցի ընթացքում փորձ էր կատարվել կազմակերպել Արթուր Բաղդասարյանի հանդիպումը պուտինյան աշխատակազմի որեւէ ազդեցիկ պաշտոնյայի հետ, սակայն այնտեղից բավական հետաքրքիր պատասխան են տվել. Բերեզովսկու նորաթուխ ընկերոջը խորհուրդ էին տվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան միջոցով համապատասխան պաշտոնական խնդրանք֊-նամակով դիմել Պուտինի աշխատակազմ: Մի խոսքով՝ «ցրել են»… Նույն տխուր ավարտն են ունեցել նաեւ պրոպուտինյան «Եդինայա Ռոսիա» պատգամավորական խմբակցության ղեկավարների հետ հանդիպելու նրա փորձերը»:

«Հայք»֊ը փաստում է. - «Ռուսաստանի սահմանը հատող յուրաքանչյուր հայից պահանջում են անձնագրի ռուսերեն թարգմանություն: Եթե համարձակներ են գտնվում ու փորձում են լավ կամ վատ ռուսերենով բացատրել Հայաստանի անձնագրի միջազգային նշանակությունը, հայտնվում են մի աննկարագրելի քաշքշուկի մեջ: Ռուսաստանի սահմանը հսկող ու որպես կանոն՝ լկտի սահմանապահները առաջին հերթին ձեռ են առնում Հայաստանի քաղաքացուն, հետո սպառնում են վտարել երկրից, վերջում կաշառք են վերցնում ու նոր միայն սահմանից ներս թողնում: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այդ հարցին այսպես պատասխանեց. -
«Նրանք իրավունք չունեն պահանջել մեր անձնագրի թարգմանությունը, դա ապօրինություն է: Զարմացած եմ, որ նման բան եք ասում, եւ վստահ եմ, որ աշխարհի ցանկացած երկրի քաղաքացուց՝ Ռուսաստան մուտք գործելիս, անձնագրի թարգմանություն չեն պահանջում»: Դժվար թե մեր արտգործնախարարությունը առաջին անգամ է լսում, որ Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելիս ծաղրուծանակի են ենթարկվում, սակայն համարենք, որ մենք ենք առաջինը տեղեկացրել արտգործնախարարությանը այդ փաստի մասին եւ սպասենք. միգուցե հրապարակումը պատճառ հանդիսանա, որ վերջապես սատար կանգնեն իրենց քաղաքացիներին»:

«168 ժամ»֊ը տեղեկացնում է. - «Մի քանի ամիս առաջ Հայաստանում, ինչպես հայտնի է, սպանվեց քրեական հայտնի հեղինակություն Ալեքսանդր Գիվոեւը: Սպանությունը դեռեւս բացահայտված չէ: Եվ ահա օրերս ռուսաստանյան մեր աղբյուրներից տեղեկություն ստացվեց, որ մի քանի օր առաջ Ռուսաստանում ավտովթարի արդյունքում (ասում են՝ բավականին կասկածելի հանգամանքներում) զոհվել է նաեւ Ալեքսանդր Գիվոեւի 28֊-ամյա որդին՝ Լեոնիդը, որն, ըստ նույն աղբյուրների, 22 տարեկանից քրեական աշխարհում «օրենքով գողի» կարգավիճակ ուներ: Մեր տեղեկություններով՝ նրա հուղարկավորությունն օրերս տեղի է ունեցել Հայաստանում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG