Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ Երեւան»-ը այսօր տպագրել է Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանի եւ «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանի հայտարարությունը, որով խորհրդարանում այսօր վերաքվեարկվելիք հայտնի օրենքը նրանք գնահատում են որպես վտանգավոր՝ ազատ շուկայական հարաբերությունների նորմալ զարգացման եւ անձի սեփականության իրավունքի համար:

«Հայաստանի սափրագլուխների «փառքը» հասել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ» վերնագրի տակ «Առավոտ» թերթի մեկնաբանն այսօր անդրադարձել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի՝ Եվրամիությանն ուղղված կոչին, որտեղ, մասնավորապես, անդրադարձ կա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող վիճակին: «Ձախողված անցումը ազատական համակարգին ստեղծել է ահռելի անհավասարություն մի կողմից, մեծ ռեսուրսներ մոնոպոլիզացրած մի խումբ էլիտար մարդկանց կամ կլանների, մյուս կողմից՝ բնակչության մնացած հատվածի միջեւ», - նշել են զեկույցի հեղինակները ու հավելել. - «Այդ նոր հարուստները, որոնք կապված են քաղաքական իշխանության հետ, ստեղծել են իրենց մասնավոր զինված ուժերը՝ այդ կերպ երկրին ու քաղաքացիներին իրենց հպատակեցնելու համար եւ նրանց ենթարկելով սպանալիքների եւ բռնությունների»։

Իբրեւ «անհեթեթություն» որակելով Անդրանիկ Մարգարյանի` Հայաստանի քաղաքացիներին ուղղված կոչը, որով վարչապետը խորհուրդ է տվել նայել Սահմանադրությունը ու տեսնել, թե իրենք իրավունք ունե՞ն պահանջել կառավարության հրաժարականը, թե՞ ոչ` «Հայական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրն այսօր հակադարձել է. - «Մենք` հայաստանցիներս, պետք է հասկանանք, որ ժողովուրդն ընդհանրապես ինքնիշխան է եւ իրավունք ունի պահանջելու ցանկացած բան, այդ թվում եւ կառավարության հրաժարականը»։ «Այսինքն, եթե հիմա ժողովուրդը դուրս գա փողոց, պահանջի կառավարության հրաժարականը եւ անգամ գործնականում կիրառի իր պահանջը` նախարարներին կաբինետներից վռնդելով, ոչ ոք չի կարող ասել, որ ժողովուրդը նման իրավունք չուներ: Այլ բան, որ նման գործողություններ իրականացնելու համար հարկավոր է, որպեսզի հրապարակ դուրս գա այնքան մարդ, որ քաղաքականության մեջ ընդունված է անվանել կրիտիկական մասսա», - բխեցրել է գլխավոր խմբագիրը։

Ներքաղաքական պայքարի հայաստանյան յուրահատկություններին անդրադառնալով` «Տարեգիր» թերթի խմբագրականն այսօր առանձնացրել է. - «Մեր ընդդիմադիրներից շատերը գտնում են, որ Հայաստանում «ընտրություններ» կոչվող երեւույթը զուտ ձեւական բնույթ ունի, եւ այս իշխանություններից փրկվելու միակ տարբերակը քաղաքացիական անհնազանդությունն ու հեղափոխությունն են։ Չվիճելով այս կարծիքի հետ, այնուամենայնիվ, ուզում ենք անհնազանդության ու հեղափոխության ջատագովներին հիշեցնել, որ քաղաքացիական անհնազանդության ու հեղափոխության մերօրյա գլխավոր բաղադրիչները, այնուամենայնիվ, հանրահավաքներն ու երթերն են, իսկ հանրահավաքների ու երթերի համար տարվա ամենահարմար եղանակները վաղ աշունն ու ուշ գարունն են, մանավանդ որ մեր միտինգավորներն ու հատկապես գործող ընդդիմադիրները չափազանց ու հավասարապես վախենում են ցրտից, շոգից ու անձրեւից»։

«Հայոց Աշխարհ» թերթն այսօր փոխանցել է, թե պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, օրենսդրական գործունեությունը հաջողությամբ համատեղում է մեղադրյալի իր «գործառույթների» հետ. - «Հակոբյանը, ոմանց հակառակ, բարեխղճորեն ներկայանում է խորհրդարանի նիստերին եւ իր լուման ներդնում քվորումի ապահովման, ինչպես նաեւ կառավարության օրենսդրական նախաձեռնություններն անցկացնելու համար անհրաժեշտ թվով «կողմ» ձայներ ապահովելու գործում։ Եվ, ի տարբերություն քրեական հետապնդման մեջ գտնվող իր որոշ գործընկերների, որոնք դեպքից դեպք են ոտք դնում նիստերի դահլիճ, հաճախ մասնակցում է քննարկումներին»։

«Խնդրում է չվիրավորել իր ընտրողներին» վերնագրի տակ «Առավոտ» թերթի թղթակիցն այսօր փոխանցել է. - «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավար Գրիգոր Մարգարյանը («Բելաջոյի Գրիշը») երեկ խիստ վիրավորվեց մեր հարցից, երբ փորձեցինք ճշտել՝ ԱԺ ընտրություններում մեծամասնականով առաջադրվելու դեպքում ինքը պատրաստվո՞ւմ է ընտրակեղծիքներ կատարել՝ դարձյալ խորհրդարան գալու համար»: «Վերջապես մի մոռացեք, 40 հազար մարդու եք վիրավորում: Պետք է հարգել էդ մարդկանց կամքը»,- ասել է Մարգարյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG