Մատչելիության հղումներ

Արման Մելիքյան. «Կմաղթեմ, որ նույն լավատեսությամբ հանդիպումից հետո նախարարները կարողանան ելույթ ունենալ»


2006 թվականի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ճեղքման բացակայությունը (գոնե մինչեւ այսօր) անակնկալ չէր Լեռնային Ղարաբաղի համար: Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդականի համոզմամբ` «միշտ պետք է փորձել գտնել այն նվազագույն հնարավորությունը իրավիճակից դուրս գալու համար»:

«Ավելի շուտ անակնկալ էր նրանց համար, ովքեր խոսում էին պատուհանի բաց լինելու մասին: Նույնիսկ այստեղ էլ վստահ չեմ, որ անակնկալ է, որովհետեւ իրականում կողմերի մոտեցումները այնքան տարբեր են, որ դրանց մերձեցումը եթե չի հաջողվել մեկ տասնյակ տարուց ավելի ժամանակաշրջանում, դժվար էր ակնկալել, որ այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր կլիներ այդ մոտեցումները մոտեցնել իրար: Ուստի ես կարծում եմ, որ այս ավելորդ լավատեսությունը չպիտի պսակվեր հաջողությամբ, որովհետեւ հիմքերը չկային դրա համար», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեքշաբթի օրը ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Արման Մելիքյանը:

Խոսելով այն խոչընդոտների մասին, որոնք իրենց լավատեսության առիթ չեն տալիս` Մելիքյանը ասաց. - «Ես կարծում եմ, որ կա խնդիրների բույլ: Դա եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, եւ տարածքների խնդիրն է, եւ փախստականների խնդիրն է: Սրանցից յուրաքանչյուրը ունակ է վիժեցնելու բանակցային գործընթացը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է համաձայնություն տեղի ունենալ կողմերի միջեւ` առանց Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը ճանաչելու»:

«Վատատեսորեն տրամադրված լինելով գնալ բանակցությունների` նույնպես անիմաստ է: Միշտ պետք է փորձել գտնել այն նվազագույն հնարավորությունը իրավիճակից դուրս գալու համար», - պատասխանելով այսօր Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը վերաբերող հարցին, ասաց Մելիքյանը: - «Ես կմաղթեմ, որ նույն լավատեսությամբ հանդիպումից հետո նախարարները կարողանան ելույթ ունենալ եւ ասել, որ ինչ-որ փոխընդունելի համաձայնության եկել են, մի այնպիսի համաձայնության, որը նաեւ Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի կլինի»:

Ղարաբաղի կարգավիճակի հստակ ձեւակերպում չներառող ցանկացած լուծում, ըստ Մելիքյանի, անընդունելի կլինի Լեռնային Ղարաբաղի համար. - «Մենք դա կհամարենք լուծման բացակայություն»:

Նրա վստահեցմամբ, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ցանկացած տարածքի վերադարձի գաղափարը անընդունելի է:

«Իշխանությունները չեն կարող դրա հետ հաշվի չնստել», - եզրափակեց Արման Մելիքյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG