Մատչելիության հղումներ

Արգավանդի բնակիչները բողոքում են արագընթաց մայրուղու կառուցման դեմ


Երկուշաբթի օրը իրավապահները ցրել են Երեւան - «Զվարթնոց» օդանավակայան մայրուղու վրա գտնվող Արգավանդի բնակիչների բողոքի ցույցը:

Մայրաքաղաքը ու երկրի գլխավոր օդանավակայանը միմյանց կապող արագընթաց մայրուղին (Իսակովի պողոտան) կառուցվում է Երեւանի քաղաքապետարանի հաստատած նախագծով: Ըստ այդմ` ներկայիս ճանապարհը պատով բաժանվելու է երկու մասի` արագընթաց մայրուղու եւ տեղական նշանակության ճանապարհի:

Բողոքողները Արգավանդի հատվածում գործող խաղատների, կահույքի սրահների տերերն ու դրանցում աշխատողներն են, որոնց կարծիքով, այդ դեպքում նրանց բիզնեսը կկրի մեծ վնասներ:

Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ շինարարները սկսել են տեղադրել մայրուղին տեղական նշանակության ճանապարհից սահմանազատող եզրաքարերը:

Շինարարական աշխատանքները խոչընդոտել փորձած արգավանդցիների ըմբոստությունը ճնշելու էին եկել մահակներով զինված ոստիկանները:

«Քառասուն հատ ավտո բերեցին միլիցեքով: Մարդկանց դուբինկեքով ծեծելով հանել են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բողոքողներից մեկը: - «Բռնի ուժով են անում: Եթե իմանանք, թե մի անգամ կծեծվենք ու մեր ասածը կլինի` կծեծվենք»:

Հայաստանի ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, սակայն, կողմերի միջեւ «որեւէ բախում տեղի չի ունեցել»:

«Ընթացող շինարարության կապակցությամբ հոկտեմբերի 23-ին իրենց բողոքն ու դժգոհությունն են հայտնել մի խումբ տեղացիներ: Վերջիններիս եւ շինարարների միջեւ հնարավոր լարվածությունը մեղմելու նպատակով այդտեղ են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, որոնք եւ հանգստացել են կողմերին: Վիրավորներ եւ բերման ենթարկվածներ չկան», - ասված է հաղորդագրությունում:

Երեքշաբթի օրը արգավանդցիները ընդամենը լուռ հետեւում էին ոստիկաններին հսկողությամբ ընթացող շինարարական աշխատանքներին:

Երեւանի քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ, ըստ հաստատված ծրագրի, նախատեսված է այս տարի ավարտել արագընթաց ճանապարհի կառուցումը` պնդելով, թե դա «չի խոչընդոտելու Փարաքարի հատվածում կառուցված օբյեկտների գործունեությանը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG