Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ-Երեւան» օրաթերթը «Ինչպես ասում են՝ շառից հեռու» վերնագրի ներքո գրում է. - «10-րդ օրն է, որ չեն գործում ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատկանող երեք գազալցակայանները»: Այդ փաստը, ըստ թերթի, «եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հակոբյանի դեմ սկսված քրեական հետապնդման նպատակը նրա սեփականության յուրացումն ու վերաբաշխումն է, ոչ թե, այսպես կոչված, կրիմինալի դեմ «անողոք» պայքարը»:

«Հայք»-ը տեղեկացնում է, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ «նախագահի ընտրություններում իր հնարավոր առաջադրման վերաբերյալ փորձել է շոշափել ռուսական կողմի տրամադրությունները»: Թերթի աղբյուրները հաղորդում են, որ «Պուտինի մերձավոր շրջապատից Սերժ Սարգսյանին պատասխանել են, թե չեն առարկի Սարգսյանի առաջադրվելուն ու ընտրվելուն միայն մեկ պայմանով. եթե նախագահ դառնալուց հետո վարչապետ նշանակի իրենց ուզած անձնավորությանը»: Իսկ այդ անձնավորությունը, ըստ «Հայք»-ի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, նկատելով, թե «Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնելու մասին օրենքի ընդունումը չբարելավեց հայ-թուրքական հարաբերությունները` փաստել է. - «Աշխարհի բազմաթիվ երկրներ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը։ Փառք ու պատիվ նրանց այդ բանի համար։ Փառք ու պատիվ նաեւ Սփյուռքի եւ ՀՀ կառույցներին` այդ հարցում հետեւողական լինելու համար։ Բայց եթե նույն էներգիան ու միջոցները ծախսվեին հայ-թուրքական սահմանը բացելու եւ այդ ուղղությամբ նույն երկրների կողմից Թուրքիայում ճնշելու վրա, արդյոք դրանից ավելի շատ չէի՞ն շահի Հայաստանում ապրողները։ Արդյոք դրանից ստացած շահն ավելի մեծ չէ՞ր լինի, քան ցեղասպանության ճանաչումից ստացած բարոյական բավարարվածությունը»:

«Ինչո՞ւ է դժվար կառավարել Հայաստանը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանն այսօր բացատրել է. - «Տխուր է գիտակցել, թե ցանկացած հայրենի տիրակալի համար, լինի դա խորհրդային իշխանության, ՀՀՇ-ի օրոք թե այսօր, երկրի ողջ կառավարումը հանգում է պալատականներին կառավարելուն։ Առայժմ երկրի քաղաքական համակարգի մեջ ներգրավված չէ ժողովուրդը։ Դրա համար էլ այդքան ակտիվ է արքունական ծառայանին։ Նրանք, ովքեր ունեն «մարմնին դիպչելու իրավունք»: Այ, հենց այս պատճառով էլ այդչափ դժվար է կառավարել Հայաստանը. ժողովրդի համար տիրակալին պարզապես ժամանակ չի մնում։ Պալատականներից է պետք գլուխ հանել»։

«Հայկական ժամանակ»-ին տված ծավալուն հարցազրույցում արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով առաջիկա ընտրությունների թեմային, արձանագրել է. - «Մեզ մոտ ժողովրդավարությունը իսկապես քայլ առ քայլ է զարգանում, մի քայլ առաջ, մի քայլ ետ, երբեմն՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ, դա էլ է լինում, խնդիր չկա, ես ընդունում եմ այդ բոլորը: Դրա համար էլ ակնկալել, որ ընտրություններից ութ ամիս առաջ մեզ մոտ ամեն ինչ պետք է իդեալական լինի, երեւի մենք մեզ խաբած կլինենք, որովհետեւ դա չի լինելու»։

«168 ժամ» թերթի տեղեկություններով, Վիկտոր Դալլաքյանը բանակցություններ է վարում «Օրինաց երկիր»-ի հետ՝ կուսակցության համամասնական ցուցակում իր համար տեղ ապահովելու համար։ Ըստ թերթի, այդ բանակցությունները նա սկսեց այն բանից հետո, երբ հասկացավ, որ «Բարգավաճ Հայաստան»-ում իր համար, այնուամենայնիվ, տեղ չկա»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG