Մատչելիության հղումներ

Աննա Իսրայելյան. «Պատգամավորների սպառնալիքները լրագրողների համար սովորական աշխատանքային միջադեպ են դարձել»


Նախորդ շաբաթավերջին խորհրդարանի միջանցքում պատգամավոր Նահապետ Գեւորգյանը փորձեց «Առավոտ»-ի մի հրապարակման առիթով հաշիվ պահանջել լրագրող Աննա Իսրայելյանից՝ հայհոյանքներ եւ սպառնալիքներ տեղալով նրա հասցեին:

«Սա, ցավոք, արդեն դառնում է սովորական աշխատանքային միջադեպ այս խորհրդարանի դեպքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Աննա Իսրայելյանը: - «Ուղղակի, ի տարբերություն այլ միջադեպերի, այս անգամ պատգամավորը գոնե ներողություն խնդրեց»:

Լրագրողների հասցեին փողոցային հայհոյանքից հետո «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի թղթակից Գոհար Սարգսյանը դիմեց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին, որը հենց նույն օրը նիստերի դահլիճում կարգի հրավիրելու կոչ արեց:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե գործնական միջոցների կդիմի՞ այդ կապակցությամբ, Տիգրան Թորոսյանը պատասխանեց. - «Հասարակությունից եւ Ազգային ժողովում ներկա անձանցից այդ մարդկանց փոխարեն ներողություն եմ խնդրել: Բայց, ցավոք սրտի, նման մթնոլորտի ձեւավորմանը նպաստում են նաեւ որոշ լրատվամիջոցներ»:

«Կարող եք կարդալ այսօրվա [շաբաթ օրվա] մամուլը, եւ կտեսնեք, թե ինչ որակումներ են նույն լրագրողները տալիս երեւույթներին, ինչ բառապաշար են օգտագործում, եւ սա առաջին դեպքը չէ», - պարզաբանեց Ազգային ժողովի նախագահը: - «Ամեն մեկը, ցավոք սրտի, այս անընդունելի երեւույթի մեջ ունի մեղքի իր բաժինը: Եվ ճիշտ կլինի, որ բոլորը ամեն ջանք գործադրեն, որպեսզի այն վերանա մեր հասարակական կյանքից»:

Հարցադրմանը, թե, այնուամենայնիվ, «պատգամավորի շուրթերից պարզապես հայհոյանք է հնչել, իսկ մամուլում հայհոյանք չկա», Թորոսյանը պատասխանեց. - «Կարծում եմ, նաեւ հայհոյանք կա, ուղղակի մի քիչ ավելի զգուշավոր են, ավելի քիչ հնչեղ բառեր են օգտագործում»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG