Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Պատժում են վրացիներին, տուժելու ենք մենք» վերնագրի տակ «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրն այսօր շեշտադրել է. - «Վրաստանի հարցում չստանալով միջազգային հանրության աջակցությունը, ինչը արտահայտվեց բավական ցցուն եւ թափանցիկ կերպով, Ռուսաստանը, ճարը կտրած, երեկվանից սկսել է Թբիլիսիին «ինքնուրույնաբար» պատժելու գործընթացը»: «Սակայն սրանք, ինչպես ասում են, այսբերգի միայն երեւացող մասերն են, եւ պարզ է, որ մինչեւ հոգու խորքը խոցված Մոսկվան այս «ստանդարտ» պատժամիջոցներով չի բավարարվելու», - գրել է գլխավոր խմբագիրն ու բխեցրել. - «Այժմ դժվար է գնահատել վերը նշված պատժամիջոցների ազդեցությունը: Սակայն փաստ է, որ դրանցից անպայմանորեն տուժելու է նաեւ Հայաստանը: Ու եթե վրացիք գոնե գիտեն, թե հանուն ինչի են տուժում, մեր դրությունն այլ կերպ, քան ողբերգականորեն անհեթեթ, գնահատել հնարավոր չէ»:

«168 ժամ» թերթի մեկնաբանն, իր հերթին, անդրադառնալով Հայաստանի վրա ռուս-վրացական հարաբերությունների սրման ազդեցություններին, այսօր նկատել է. - «Չի կարելի Ռուսաստանի գործողությունները համարել վրեժ՝ բացահայտված լրտեսական ցանցի համար։ Նա դրան վաղուց էր պատրաստվում եւ ուրախությամբ միջազգային ցուցադրական ծեծ կտար իր փոքր, բայց հպարտ եւ չափազանց անհնազանդ հարեւանին։ Արդեն Ռուսաստանի առաջին դեմքերն են Սահակաշվիլու ռեժիմն ուղղակի անվանում խամաճիկային, որը ղեկավարվում է Վաշինգտոնի կողմից»: Ապա մեկնաբանը հարց է տվել. - «Եթե դա այդպես է, ապա օրինաչափ չէ՞, արդյոք, հաշիվ ներկայացնել հենց Վաշինգտոնին։ Եվ, հետեւաբար, փորձել խնդիրը լուծել այնտեղ՝ ԱՄՆ-ում»։

Գնահատելով հակակրիմինալ ճակատի ձեռքբերումները՝ «Հայոց Աշխարհ» թերթն այսօր առանձնացրել է. - «Ճակատը նախաձեռնողների հավակնությունները՝ կարճ ժամանակում դառնալու ոչ միայն ընդդիմադիր, այլեւ իշխանամետ եւ նույնիսկ իշխանությունը ներկայացնող որոշ ուժերի համախմբման առանցք, չարդարացան»։ Թերթի տեղեկություններով, «Հակակրիմինալ դեկլարացիան» ստորագրած 16 կուսակցություններից երկուսը փոշմանել են եւ չեղյալ հայտարարել իրենց մասնակցությունը սույն նախաձեռնությանը»։ Դա, ըստ թերթի մեկնաբանի, «բնականոն եւ օրինաչափ է, քանզի գաղափարական հենքից զուրկ որեւէ արհեստածին միավորում հեռանկար չունի եւ չի կարող ունենալ»։ «Ով մեզ հետ չէ, նա կրիմինալ է» կարգախոսն ինքնին փարիսեցություն է, քանզի, ըստ այդմ, ստացվում է, որ «ով մեզ հետ է, նա կրիմինալ չէ»։ Ասել է թե՝ մինչեւ կոկորդը խրված լինելով կրիմինալի մեջ, նախընտրական մի գեղեցիկ օր կարելի է ստորագրել կրիմինալի դեմ մահու-կենաց պայքարի դեկլարացիան եւ տեղնուտեղը մեղքերի թողություն ստանալ», - եզրակացրել է մեկնաբանը։

«Իրավունք» թերթին տված հարցազրույցում Ազգային ժողովի պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, հատկորոշելով հայաստանյան քաղաքական «կրիմինալի» դիմապատկերը, մասնավորապես, շեշտել է. - «Եթե մարդը չգիտի հայերեն, ունի մականուն, տկարամիտ, սակավամիտ է եւ միաժամանակ ձգտում է ամեն գնով տեղ զբաղեցնել քաղաքական դաշտում, այո, կրիմինալ է, որովհետեւ քրեածին մտածելակերպ ունի, որվհետեւ այդ «ամեն գնով»-ը հանգեցնում է «Հոկտեմբերի 27»-ի, պայթյունների, բռնությունների, լրագրողների դեմ կատարվող ոտնձգությունների», - ասել է քաղաքագետ պատգամավորն ու ընդգծել. - «Վատ հայերեն խոսելը կամ սակավամիտ լինելը, ինչպես ժողովուրդն է ասում, այիբներ չեն. մարդը կարող է աշխատել որեւէ այլ տեղ, կամ իր բիզնեսով զբաղվել, բայց եթե նա ձգտում է այդ պաշարով ամեն գնով տեղ զբաղեցնել քաղաքական դաշտում, նա ինքնըստինքյան արդեն դառնում է վտանգավոր հասարակության համար՝ ընդունակ լինելով ե՛ւ սպանությունների, ե՛ւ կողոպուտի, ե՛ւ տարբեր տեսակի քրեական դրսեւորումների»։

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը, այսօր անդրադառնալով տարադրամի անկանխատեսելի վայրիվերումներին, փոխանցել է. - «Հայաստանի բնակչության մի զգալի մասը համոզված է, որ դոլարի կուրսի փոփոխություններով ինչ-որ մարդիկ հսկայական փողեր են աշխատում»: «Այս ինչ-որ մարդիկ, անշուշտ, իշխանության վերնախավն են ներկայացնում, որովհետեւ միայն իշխանությունը կարող է ազդել պետական դրամի փոխարժեքի վրա», - գրել թերթի գլխավոր խմբագիրը եւ հավելել. - «Իշխանության վերնախավում գտնվող ինչ-որ մարդկանց դոլարադրամային մեքենայությունները դուր են եկել: Եվ սա հասկանալի է. կարելի է միլիոնավոր դոլարներ աշխատել առանց մաքսանենգության, կաշառակերության, եւ փոխարժեքի հետ տեղի ունեցողն էլ բացատրել շուկայական պրոցեսներով»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG