Մատչելիության հղումներ

Հանրապետականը հավատում է, որ գալիք ընտրությունները արդար եւ ազատ են անցնելու


Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը հավատում է, որ 2007 եւ 2008 թվականներին Հայաստանում կայանալիք ընտրություններն արդար եւ ազատ են լինելու: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարեց խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը ՝ նշելով, թե «Հայաստանն այլընտրանք չունի եւ պետք է ազատ ընտրություններ անցկացնի, հակառակ դեպքում՝ կեղծված ընտրությունները կարող են սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը»:

Նիկոյանը վստահեցրեց, որ Հանրապետական կուսակցությունը ունի բոլոր ռեսուրսները, որպեսզի «կարողանա կազմակերպել մաքուր, արդար, թափանցիկ ընտրություններ եւ այդպիսի ընտրությունների արդյունքում ընտրված լինի», սակայն չմանրամասնեց, թե որոնք են այդ ռեսուրսները:

Բանավեճին մասնակցող «Ժողովրդական պատգամավոր» խմբի քարտուղար Վահրամ Բաղդասարյանը, կատակեց, թե Նիկոյանը «ռեսուրս» ասելով, հավանաբար, նկատի ունի «Ժողպատգամավոր» խմբի՝ վերջերս հանրապետական դարձած նախկին անդամներին:

Լրագրողների դիտարկմանը, թե նման լավատեսական հայտարարություններ իշխանությունները միշտ արել են, սակայն ընտրությունները կրկին կեղծվել են, եւ արդյոք, օրինակ, 2003 թվականին կարելի՞ էր կեղծիքներ անել, Նիկոյանը պատասխանեց, թե 2003 թվականին Հանրապետականը ազատ ընտրություններ անցկացնելու ռեսուրսներ չուներ, իսկ հիմա ռեսուրսը կա, կամքը կա, Ընտրական օրենսգիրքն էլ փոփոխվում է :

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե վստա՞հ է արդյոք, որ Հանրապետականը կեղծիքների չի դիմելու, Նիկոյանը պատասխանեց. - «Ոչ միայն վստահ եմ, այլեւ հավատում եմ, որ այդպես է լինելու»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG