Մատչելիության հղումներ

Եվրոպական համալսարան ընդունվածները բողոքում են նախագահական նստավայրի դիմաց


Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի խաբված առաջինկուրսեցիների հարցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երկուշաբթի օրը կներկայացնի Սահմանադրական դատարան: Սակայն դա ամենեւին չի հուսադրում ուսանողներին, քանի որ աշնանային զորակոչը մեկ ամսից սկսվում է, եւ շատերի վկայությամբ՝ այս բուհի մի քանի տասնյակ ուսանողների անուններն արդեն զինկոմիսարիատների ցուցակներում են:

Տեսնելով, որ երկու ամիս շարունակվող բողոքի ակցիաներն ու դիմումները կառավարության եւ նախարարության կողմից որեւէ արձագանքի չարժանացան` այսօր 200-ից ավելի ուսանողներ իրենց ծնողների հետ հավաքվել էին նախագահի նստավայրի դիմաց: Նրանք իրենց իրավունքների ոտնահարումը փաստող եւ արդարադատություն պահանջող երկրորդ նամակն էին հանձնում հանրապետության նախագահին:

Այս բուհը, որը կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ տարկետման իրավունք էր տալիս ընդունվող բոլոր տղաներին, այս տարի քննությունների նախօրեին կառավարության հուլիսի 13-ի որոշմամբ գրեթե զրկվեց այդ իրավունքից: Եվրոպական համալսարանին հատկացվեց ընդամենը 30 տեղ՝ բուհ ընդունված 400 տղաների համար: Այսինքն՝ յուրաքանչյուր ֆակուլտետ ընդունված 30 տղաներից ընդամենը 6 հոգի պետք է օգտվի բանակ չգնալու իրավունքից: Բայց ուսանողներից շատերը խաբված են նաեւ բուհի կողմից. հուլիսից իմանալով կառավարության որոշման մասին, բուհի պատասխանատուները ուսանողներին նախապես չէին տեղեկացրել, եւ նրանք այս մասին իմացել են սեպտեմբերին, երբ 500-ական դոլար վարձավճարներն արդեն վճարել էին:

Իրավապաշտպանների կարծիքով, կառավարության այս որոշման մեջ կա երկու իրավախախտում եւ այն իրավական ուժ ունենալ չի կարող: Նախ, ըստ նրանց, հղումը սխալ է արված եւ համապատասխան որոշումը չեղյալ չի հայտարարված, երկրորդ՝ «Իրավական ակտերի մասին» օրենքի 78 հոդվածի 1-ին կետի համաձայն, անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող դրույթները հետադարձ ուժ չունեն: Իսկ այս ուսանողները, փաստորեն, նախապես չեն իմացել, թե ինչ է իրենց սպասվում:

Այս խախտումները փաստող եւ արդարադատություն պահանջող նամակները կառավարությունից այդպես էլ արձագանք չեն ստացել: Միակ պատասխանն այն էր, որ դրանք հանձնվել են կրթության եւ գիտության նախարարություն: Ծնողների վկայությամբ, նախարար Լեւոն Մկրտչյանը 20 օր առաջ իրենց հետ հանդիպմանը խոստացել էր 10 օրից պատասխանել, նույնիսկ ծնողներին ընդունելության օր էր նշանակել: Սակայն նախարարին հանդիպել չի հաջողվել:

Այսօր նախագահի նստավայրում ծնողների եւ մի քանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ արդարադատության նախարարության հետ քննարկումներ են անցկացվում, եւ երկու օրից Լեւոն Մկրտչյանը Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին վերջնական պատասխան կտա:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG