Մատչելիության հղումներ

Վարչապետը հերքում է, թե կառավարություն են ներկայացվել բնապահպանության նախարարին կոռուպցիայի մեջ մեղադրող փաստաթղթեր


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չորեքշաբթի օրը հերքեց, թե Հայաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Գլոբալ Գոլդ» ամերիկյան ընկերության կողմից կառավարությանը ներկայացված փաստաթղթերը հաստատում են, թե բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը ընկերության ղեկավարությունից կաշառք է պահանջել:

«Այսպիսի փաստաթուղթ չի ներկայացվել», - խորհրդարանում լրագրողներին ասաց Անդրանիկ Մարգարյանը: - «Նրանք ներկայացրել են այդ ֆիրմայի բողոքը, որ նախարարությունը, իբր, ոտնահարել է իրենց շահերը»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից «Մեդիամաքս» գործակալությանը երեքշաբթի օրը պաշտոնապես հայտնել են, որ իրենք «Գլոբալ Գոլդ» ամերիկյան ընկերությունից ստացել են բնապահպանության նախարարության դեմ կոռուպցիոն մեղադրանքներ պարունակող փաստաթղթեր, որոնք ներկայացվել են նաեւ Հայաստանի կառավարությանը:

Անդրանիկ Մարգարյանը հաստատեց, որ նման փաստաթղթեր իրենք ստացել են. - «Այո: Վարչապետին կից գործարարների խորհրդում [հարցը] ընդարձակ քննարկվել է: Այն փաստերը, որ իրենք տվել են, ըստ մեր կարծիքի, չի համապատասխանում իրականությանը: Եվ մենք նրանց առաջարկել ենք` եթե չեք հավատում մեզ, խնդիրներ ունեք, ապա խնդրում ենք դիմել դատարանին... Սա սովորական, շարքային տնտեսական վեճերից մեկն է»:

«Դեսպանության ներկայացուցիչներն էլ են ներկա եղել: Ասել ենք` դիմեք դատարան», - եզրափակեց Մարգարյանը:

Վարչապետը լրագրողների հարցերին պատասխանեց Ազգային Ժողովում կառավարություն – պատգամավորներ հարցուպատասխանից հետո:

Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը պաշտոնապես հայտարարեց, որ երկրի նախագահի հանձնարարությամբ, կառավարությունը «ԱրմենՏել»-ի հավանական գնորդներին պահանջ-առաջարկ է ներկայացրել:

«Հայաստանի կառավարության պահանջը այն է, որ ովքեր կցանկանան նաեւ ձեռք բերել Հայաստանի [կառավարությանը] պատկանող 10 տոկոս բաժնետոմսը եւ դառնալ «ԱրմենՏել»-ի հարյուր տոկոս բաժնետոմսերի սեփականատերը, նրանք պետք է հրաժարվեն այսօրվա մենաշնորհային դրույթներից: Եվ, ի ուրախություն մեզ ասեմ, որ արդեն մի քանի կազմակերպություններ գրավոր ներկայացրել են, որ եթե նրանք դառնան «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի գնորդը, ապա նրանք կհրաժարվեն այն չարաբաստիկ մենաշնորհային դրույթներից, որոնք այսօր գործում են թիվ 60 լիցնեզիայով», - ասաց Մանուկյանը:

Նախարարը ասաց նաեւ, որ սեպտեմբերի 18-ին լրանում է գների առաջարկման ժամկետը: Մրցույթի այս փուլում մնացել են 4 ընկերություններ, որոնցից երկուսը ռուսական ընկերություններ են, իսկ երկուսը` արաբական երկրներից:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG