Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով ազատագրված տարածքների հարցը ՄԱԿ-ի օրակարգ մտցնելու ադրբեջանական ջանքերին, «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը շեշտադրում է. - «Հենց Մինսկի խմբի շրջանակներում ծավալվող բանակցությունները ձախողելու նպատակով է Ադրբեջանը փորձում է ազատագրված տարածքներում հրդեհների առաջացման պատճառների եւ նրանց հետեւանքների վերացման հարցը տեղափոխել ՄԱԿ»։ «Բարձրացված աղմուկաղաղակի խորապատկերի վրա փորձ է արվում քողարկել այն փաստը, որ Ռամբույեի ու Բուխարեստի բարձր մակարդակի բանակցություններից հետո Հայաստանը սպասում է, թե ե՞րբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրները կկարողանան հաղթահարել Ադրբեջանի ու նրա նախագահի քմահաճ եւ անընդհատ փոփոխվող վերաբերմունքը բանակցությունների սեղանին դրված միջնորդների հստակ առաջարկների հանդեպ», - գրում է մեկնաբանն ու առանձնացնում Ադրբեջանի շարժառիթները. - «Ադրբեջանի ղեկավարությանը հարկավոր է դիմանալ մինչեւ 2007-ի սկիզբը, երբ Հայաստանում ողջ թափով կծավալվի խորհրդարանական ընտրապայքարը, որին կհետեւեն երկու երկրներում սպասվող նախագահական ընտրությունները, եւ համաձայնագրի ստորագրումը կհետաձգվի առնվազն մինչեւ 2009 թվականը»։

«Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը, իր հերթին անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման թեմային, առանձնացնում է. - «1998 թվականից այս կողմ Ադրբեջանը որդեգրել է ընդամենը ժամանակ ձգձգելու եւ այս ընթացքում Հայաստանին ինչքան հնարավոր է շատ զարգացման ծրագրերից զրկելու քաղաքականություն։ Ասել է, թե Քոչարյան-Օսկանյան զույգը անկեղծ է եղել, երբ խոսել է բանակցային գործընթացում առկա առաջընթացի մասին»։ «Հայդար Ալիեւը, երեւի, Քոչարյանին բազմիցս ասել է, որ պատրաստ է ճանաչել Ղարաբաղի անկախությունը ու, իր ասածին լրջություն տալու համար, ինչոր պայմաններ է առաջադրել։ Բայց այդ ամենը եղել է դիվանագիտական ֆուֆլո», - գնահատում է մեկնաբանն ու բխեցնում. - «Այս ուղեգիծը շարունակել է նաեւ Իլհամը, քանի դեռ չի գործարկվել Բաքու-Ջեյհան նավթամուղը, եւ ակնհայտ չի դարձել, որ Քոչարյանը ի վիճակի չէ հայթուրքական հարաբերությունները կարգավորել»։

Հայաստանի քաղաքական դաշտի «ուրվապատկերը» մատուցելով, «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրականը փաստում է. - «Քաղաքական կուսակցությունների մեծ մասն Հայաստանում այսօր վերածվել են յուրօրինակ փակ ակումբների, ոչ քիչ դեպքերում՝ իշխանությունների թեւի տակ շահույթ հետապնդող ընկերությունների, որտեղ անգամ կարեւորագույն որոշումներն ընդունվում են «ընկեր-բարեկամական» շրջանակներում, որոնց անհաղորդ են մնում նույնիսկ շարքային կուսակցականները։ Բնական է՝ սեփական կուսակցության ներսում ժողովրդավարության սաղմեր չհանդուրժող, քաղաքական համակարգն իրենց անձով փոխարինած «լիդերները» ինչպե՞ս կարող են հանդուրժել, առավել եւս՝ պայքարել երկրում իրական ժողովրդավարության հասատատման համար», - եզրակացնում է թերթը։

«ՀՀԿ «բռունցքը»՝ հանրապետականների գլխին» վերնագրի ներքո «Տարեգիր» թերթը կանխատեսելով, թե 2007-ի ընտրությունները հղի են լինելու չափազանց վտանգավոր զարգացումներով, գնահատել է, թե «Սերժ Ազատիչի մուտքով ՀՀԿ-ն վերածվեց մի անկանխատեսելի քաղաքական կառույցի»։ Ըստ թերթի մեկնաբանի. - «Բնական է, որ ֆեոդալ-օլիգարխների «բռունցքը» ստեղծվում էր նախ քաղաքական մյուս կուսակցություններին «դմբզելու» համար, բայց որ այդ բռունցքը ավելի շուտ իջնելու էր հենց հանապետականների գլխին մասամբ անսպասելի էր հանրապետականների համար»։ «Չնայած՝ այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետեւ Սերժ Ազատիչը հենց այնպես չմտավ ՀՀԿ ու հենց այնպես չստանձնեց խորհրդի նախագահի պաշտոնը», - նշում է մեկնաբանն ու հավելում. - «Սարգսյանն իր հստակ քաղաքական հաշվարկներն ունի եւ ՀՀԿ-ն օգտագործելու է իր սեփական խաղը գլուխ բերելու համար, ինչը վաղ թե ուշ հանգեցնելու էր բուն ՀՀԿականների ու արհեստականորեն ներմուծված մասի միջեւ կոնֆլիկտի հասունացմանը։ Եւ այդ կոնֆլիկտը չուշացավ», - նկատի ունենալով Աջափնյակի թաղապետի ընտրություններում Արման Սահակյանի առաջադրումը արգելող ՀՀԿ խորհրդի որոշումը, եզրակացնում է մեկնաբանը։

«Գիգանտոմանիան, որպես կանոն, հատուկ է բռնապետական երկրներին: Դրանով տառապում էին Հիտլերը, Մուսոլինին, Չաուշեսկուն, Ստալինը եւ այլոք»,- գրում է «Հայկական ժամանակ»-ն ու պարզաբանում. - «Հոգեբանները դա բացատրում են թերարժեքության բարդույթով, սեփական դատարկությունը մասշտաբային կառույցներով ու տեսարաններով լրացնելու մղումով»: Ըստ թերթի.- «Հայաստանում այժմ արդեն տեսանելի են գիգանտոմանիայի դրսեւորումները, օրինակ՝ Երեւանի կենտրոնում իրականացվող շինարարությունը՝ «որքան մեծ, որքան բարձր՝ այնքան լավ» սկզբունքով: Գեղեցկությունը, ֆունկցիոնալ նշանակությունը, եղած ճարտարապետության հետ ներդաշնակությունը եւ այլ նմանատիպ «մանրուքները» ընդհանրապես էական չեն», - հեգնում է մեկնաբանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG