Մատչելիության հղումներ

Բանակից զորացրված ուսանողները պատրաստվում են բողոքի ցույցի


Բանակից զորացրվածների համար որոշակի արտոնություններ են սահմանված: Տարեկան 220 հոգի բուհեր ընդունվում են անվճար տեղերի առանձին մրցույթով եւ մինչ այժմ ողջ ուսումնառության ընթացքում նրանք բոլորն էլ օգտվել են անվճար սովորելու իրավունքից:

Սակայն այսօր պարզվում է, որ մրցակցային կրթության սկզբունքը տարածվել է նաեւ բանակից զորացրվածների վրա: Բժշկական համալսարանի ուսանողները հատկապես դժգոհում են, որ իրենց նախապես հստակ չեն տեղեկացրել, իսկ հիմա պարզվել է, որ կամ պետք է 800 հազար դրամ վճարեն, կամ՝ դուրս մնան:

«Եթե պետությունը որոշել է, որ զորացրվածին պետք է սովորելու արտոնություն տա, ինչո՞ւ է հաջորդ տարի խլում այդ արտոնությունը եւ դուրս շպրտում համալսարանից», - վրդովված ասաց Բժշկական համալսարանի ուսանող Սերգեյ Աբգարյանը: - «Դա անարդար է: Դա կբերի նրան, որ մեր ապագա սերունդը հաստատ կխուսափի բանակից, ու՞մ ծառայի, այս պետությա՞նը»:

Ուսանողները օրենքից դժգոհ են նաեւ այն պատճառով, որ իրենք, 3-4 տարի ուսումից հեռու լինելով, չեն կարող հենց սկզբից հավասար մրցակցության դուրս գալ դպրոցը նոր ավարտածների հետ: Ուստի արտոնությունը գոնե մեկ տարի պետք է պահպանվեր՝ գիտելիքները վերականգնելու համար:

Սակայն պատասխանատուները պնդում են,որ նախարարության այս որոշումը, ընդհակառակը, ծառայում է սոցիալական արդարության գաղափարին:

«Այդ ամենը հաշվի առնելով, նրանց արտոնություն է տրվում ընդունելության պահին, որպեսզի ծառայությունից հետո ցածր միավորներով ընդունվեն: Բայց երբ ուսանող են, պարտավոր են հավասար պայմաններում լինել», - «Մաքս Լիբերթի»-ին ասաց կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը: - «Հնարավոր է, նրանց շատ բան դուր չգա, բայց օրենքի տեսանկյունից ճիշտը սոցիալական արդարությունն է»:

Բանակից զորացրված ուսանողները որոշել են համախմբվել եւ «մինչեւ վերջ» գնալ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG