Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 26-ը օգոստոսի)

Հայաստանյան տպագիր մամուլի առաջին էջերը հարգանքի, արժեվորման ու կորստի խոսքեր են զետեղել հայոց մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան առնչությամբ: «Հայկական ժամանակ»-ի խմբագրականում, մասնավորապես, կարդում ենք. - «Սիլվա Կապուտիկյանը 88-ի շարժման առաջին մտավորական պաշտպաններից էր, որին կոմունիստական ղեկավարությունը տեւական ժամանակ պատերազմ հայտարարեց։ Սակայն Կապուտիկյան մտավորականի համար նաեւ մեծ վաստակ դարձան նրա կյանքի վերջին տարիները, երբ, ի տարբերություն բազմաթիվ մտավորականների, նա չկորցրեց իր քաղաքացիական կեցվածքն ու դիրքորոշումը եւ կարողացավ մի կողմ կանգնել մտավորականություն կոչվածին համակած ստորաքարշությունից»։ «Եվ այսօր, երբ Սիլվա Կապուտիկյանն այլեւս չկա, լավ է, որ նա ապրեց այնպես, որ այսօր մենք ստիպված չենք հանուն բարեկրթության կեղծ բառեր ասել մեծանուն բանաստեղծուհու հասցեին։ Նա իր կյանքը ապրեց այնպես, որ արժանի է համաժողովրդական մեծ հարգանքի», - գնահատում է թերթի խմբագիրը։

Ազգային ժողովի պատգամավոր, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը, «Հայոց աշխարհ»-ում ուրվագծելով ամենայն հայոց բանաստեղծու դիմանկարը, առանձնացնում է. - «Նա անքան ակտիվ ներկայություն էր մեր կյանքում, որ նրան պիտի բնորոշել ոչ միայն իբրեւ բանաստեղծուհի, այլեւ այս երկրի քաղաքացի. հայրենիքի հետ առնչվող որեւէ ոլորտ, խնդիր, հարց չկար, որ նա իր ձայնը չբարձրացներ, իր դիրքորոշումը չարտահայտեր։ Իհարկե, միշտ չէ, որ այդ դիրքորոշումը մեծամասնությանը կամ փոքրամասնությանը հաճելի էր, բայց դա հենց խոշոր անհատականության խաչն է։ Ինքը չէր սպասում, մինչեւ տեսներ, թե ուժը որ կողմն է՝ որն է շահեկան, որ իր կարծիքը հայտներ»։

Կարեւորելով երկրում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը՝ «Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը փոխանցում է. - «Այսօր բոլոր քաղաքական գործիչները գնում են մարդու մոտ ու նրան խոստանում, որ եթե իրենք լինեն իշխանություն, չեն թալանի երկիրը։ Կամ էլ, եթե թալանել են, բարեգործություն են անում՝ մարդկանց սիրտը շահելու համար, պայմանով, որ հետո չեն թալանի»։ «Ու այս իրավիճակում Հայաստանի քաղաքացուն այլ բան չի մնում, քան գործիչների դեմքի արտահայտությունների միջեւ ընտրություն կատարել։ Եվ ընտրությունը կատարվում է հետեւյալ սկզբունքով. մեկին ավելի շատ դուր են գալիս բոյով ու մեծ մուսկուլներով գործիչները, մյուսներին՝ կոլոտ ու խորամանկները, երրորդներին՝ դերասանները, չորրորդներին՝ դեմքի խիստ արտահայտություն ունեցողները, հինգերորդներին՝ ինտելիգինտ տեսք ունեցողները», - շեշտում է մեկնաբանն ու բխեցնում. - «Բայց սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ գեղեցկության մրցույթի եւ «Մաֆիա» խաղի խառնուրդ»։

Ընտրությունների թեմային անդրադառնալով՝ ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «Առավոտ»-ի հարցազրույցում շեշտադրում է.- «Եթե կուսակցություններ կան, որոնք խոսում են արդար ընտրությունների, ջանքերի համատեղման մասին, շատ լավ է։ Բայց, առաջին հերթին, նրանք պետք է հստակ ու անաչառ գնահատականներ տան անցած ընտրություններին։ Հստակ, եւ ոչ թե՝ լղոզված... Որոշ կուսակցություններ էլ կիրառում են երկակի չափանիշներ՝ խոսում են խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքների մասին, բայց աչք են փակում նախագահական ընտրությունների ժամանակ իրականացված ավելի լայնածավալ կեղծիքների վրա։ Այս վերացական խոսակցությունները արդար ու ազատ ընտրությունների մասին, կարծում եմ, արդեն ձանձրացրել են բոլորիս»։

Նույն «Առավոտ»-ի փոխանցմամբ, կաշառք պահանջելու մեղադրանք է նախապատրաստվում Հայաստանի բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի նկատմամբ, որը վերջերս վերադարձել է արձակուրդից։

«Չորրորդ իշխանություն» թերթն էլ, իր աղբյուրներին հղում անելով, այս թեմայի առնչությամբ մանրամասնում է. - «Վարդան Այվազյանը ամերիկացի գործարարներից 3 միլիոն դոլարի կաշառք է պահանջել՝ հանքավայրերից մեկի շահագործման իրավունքի դիմաց։ Ընդ որում, բաց տեքստով հայտարարել է, թե այդ գումարի մի մասը պիտի փոխանցի եւս երկու բարձրաստիճան պաշտոնյաների»։ «Նախարարն ավելի վաղ արդեն գործարարների հետ հանդիպած ու կաշառքի մասին ակնարկած է եղել, դրա համար էլ երկրորդ հանդիպմանը ամերիկացի գործարարները ներկայացել են նախապատրաստված՝ գաղտնի ձայնագրիչով։ Իսկ հանդիպումից հետո գործարարները ձայնագրությունը փոխանցել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին, որն էլ, իր հերթին, այն տվել է Քոչարյանին»,- փոխանցում է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG