Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը դատարանում իրեն մեղավոր ճանաչեց մասնակիորեն


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի գործով դատավարությունը: Բաբաջանյանը իրեն մասնակիորեն մեղավոր ճանաչեց՝ հայտարարելով, թե տեղյակ է եղել, որ կեղծված փաստաթղթերի միջոցով է խուսափել զինվորական ծառայությունից, սակայն ինքն անձամբ փաստաթղթեր չի կեղծել ու չի հափշտակել:

Նախաքննության մարմինը պարզել էր, որ 2002 թվականին հափշտակվել են Արման Բաբաջանյանի Լոս Անջելեսում բնակվող ընկերոջ՝ Վահե Աբովյանի ու նրա կնոջ՝ Արմինեի ամուսնության եւ նրանց երեխաների ծննդյան վկայականները: Այնինչ, ինչպես այսօր պատմեց Բաբաջանյանը, ինքը պարզապես ընկերոջից խնդրել է նրանց ամուսնության վկայականը եւ մեկ երեխայի ծննդյան վկայականը՝ առանց պարզաբանելու նպատակը: Նա կտրականապես հերքեց նախաքննության մարմնին Արմինե Առաքելյանի տված ցուցմունքը, թե հափշտակել են նաեւ իրենց երկրորդ երեխայի վկայականը, ընդգծելով, որ այն չի կարող համապատասխանել իրականությանը. «Ես չէի կարող գողանալ կամ հափշտակել մի փաստաթուղթ, որը գոյություն չի ունեցել: Իրենց երկրորդ երեխան ծնվել է 2005 թվականին, մեր հարաբերությունները խաթարվել են 2002 թվականին»:

Սեւանի Վազգենյան դպրանոցում ուսանելու տարիներին Բաբաջանյանը տարկետման իրավունք ունեցել է մինչեւ 2001 թվականը, եւ հետագայում այն երկարացնելու համար, ըստ գործի նյութերի, կեղծվել է նաեւ մեկ այլ փաստաթուղթ: Սակայն նա այսօր դատարանում նորից պնդեց, որ անտեղյակ է եղել, թե իր գործերում 2001-2002 թվականների տարկետման համար այդ բովանդակությամբ փաստաթղթեր են եղել:

Մեղադրող Ժաննա Կոտիկյանի հարցին, թե ինչո՞ւ է ընտրել կեղծիքի միջոցով ծառայությունից խուսափելու ճանապարհը, Բաբաջանյանը պատասխանեց. «Գիտեի, որ տարկետման իրավունքը հենց անցնի, ես հայտնվելու եմ հետախուզման մեջ եւ այլեւս Հայաստան վերադառնալու, Հայաստանում որեւէ գործունեություն ծավալելու հնարավորությունից զրկված եմ լինելու»: Իսկ Միացյալ Նահանգներ իր մեկնելու պատճառների վերաբերյալ նա հայտարարեց, որ 1998 թվականին ԱՄՆ է մեկնել քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ Հայաստանում իշխանափոխություն էր: Նա այսքանով սահմանափակվեց՝ ասելով, թե չի ուզում խոսել այդ թեմայի շուրջ, սակայն հայտարարված ընդմիջումից հետո էլ մեղադրողը շարունակեց քաղաքական հարցեր ուղղել, մասնավորապես, թե արդյո՞ք նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչպես գրում են իր թերթի լրագրողները:

Այնուհանդերձ դատավորը հայտարարեց, որ հարցերը չեն վերաբերում քրեական գործին:

30-֊ամյա Արման Բաբաջանյանը ձերբակալվել էր հունիսի 26֊-ին:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 31-ին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG