Մատչելիության հղումներ

Պաշտոնյաների զավակները նույնպես կհամալրեն բուհերը


Իրավաբանի մասնագիտությունն այս տարի ընտրել են բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի, կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի, ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանի, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի, քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի զավակները:

Սա ամբողջ ցուցակը չէ. հայ ժողովրդի պատմության առարկայական հանձնաժողովի նախագահ Էդիկ Գեւորգյանը այս քննությունը հանձնածների շարքում ավելացրեց նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի դստեր եւ եղբորորդու, ինչպես նաեւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դստեր անունները:

Ընդ որում, նրանք բավական հաջող են հանձնում քննությունները: Ամենածանրը համարվող «հայ ժողովրդի պատմություն» առարկայի քննությունից, օրինակ, այս մարդկանց երեխաներից ընդամենը երկուսն են ստացել 16 միավոր, մնացածը գնահատվել են 17 -18: Եւ եթե հաշվի առնենք, որ այս առարկայից 19 եւ 20 միավոր ընդհանրապես չի գրանցվել, պարզ կդառնա, որ պաշտոնյաների զավակներին նշանակվել են առավելագույն գնահատականները: Թե’ հանձնաժողովի նախագահը, եւ թե’ կրթության եւ գիտության նախարարը այստեղ որեւէ զարմանալի բան չեն տեսում՝ հիմնավորելով, թե այս երեխաները գերազանց պարապել էին:

«Չեմ ուզում անմեղ ձեւանալ եւ ասել, որ չենք իմացել պաշտոնյաների երեխաների մասին: Եղել են պաշտոնյաների զավակներ, որոնց մասնակցության մասին նախապես տեղյակ ենք եղել»,- նշեց Էդիկ Գեւորգյանը,- «Տեղյակ ենք եղել ոչ թե սուբյեկտիվ վերաբերմունքի համար, այլ որովհետեւ նրանցից շատ-շատերը պարապել են մեր գործընկերների մոտ: Բայց դա ոչ մի կապ չունի՝ մեր սկզբունքը հետեւյալն է. անկախ ամեն ինչից, երեխան եթե քննություն չի հանձնել, չի ստանա»:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG