Մատչելիության հղումներ

Յաշար Բույուքանիթ. «Թուրքիան պետք է ունենա ավելի փոքրաթիվ, բայց ժամանակակից բանակ»


Առաջիկա տարիներին թուրքական բանակի թվաքանակը կկրճատվի մոտ մեկ քառորդով: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նորանանշանակ պետը որոշել է իր պաշտոնավարումը սկսել արմատական բարեփոխումներով: Գեներալ Յաշար Բույուքանիթի խոսքով՝ «Թուրքիան պետք է ունենա ավելի փոքրաթիվ, բայց ժամանակակից բանակ»:

Այսօր թուրքական զինված ուժերի թվաքանակը 800 հազար է եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեջ մեծությամբ երկրորդն է՝ Միացյալ Նահագներից հետո: «Քանակական առումով բանակն, իհարկե, կկրճատվի, բայց որակապես զինված ուժերը լուրջ փոփոխություն կկրեն՝ ավելի արդյունավետ գործելով», - ասել է գեներալը:

Ամենամեծ կրճատումները, ըստ երեւույթին, սպասվում են ցամաքային ուժերում՝ անձնակազմի 20-ից 30 տոկոսը:

Գեներալ Յաշար Բույուքանիթը գլխավոր շտաբի պետ նշանակվեց մի քանի շաբաթ առաջ, եւ նրա այս հայտարարությունները, որոնք տպագրել է թուրքական «Պաշտպանություն եւ տիեզերք» մասնագիտացված հանդեսը, առաջինն էին նոր մեկնարկած պաշտոնավարման ընթացքում: Բույուքանիթը, որոշ վերլուծաբանների գնահատմամբ, փոխզիջումային թեկնածու էր՝ համաձայնեցված ազգայնականորեն տրամադրված գեներալների եւ վարչապետ Էրդողանի մահմեդական կառավարության միջեւ: Որոշ թուրքական լրատվամիջոցներ նույնիսկ նշում են, թե Անկարայի իշխանական միջանցքներում համառ լուրեր են պտտվում Բույուքանիթի ոչ զտարյուն թուրք լինելու մասին: Անգամ լուրեր կան, թե նրա նախնիների մեջ հայեր կան:

Չի բացառվում, որ թուրքական զինված ուժերի բարեփոխումը նպատակ ունի սահմանափակել զինվորականության՝ քաղաքական դաշտում ունեցած ազդեցիկ դերը: Վերջին 50 տարիների ընթացքում երեք անգամ՝ 1961, 1970 եւ 1980 թվականների թուրքական բանակը սահմանադրական կարգը պաշտպանելու պատրվակով հեղաշրջում է իրականացրել երկրում՝ իշխանությունը վերցնելով իր ձեռքը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG