Մատչելիության հղումներ

Freedom house. «Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները ուղեկցվել են խախտումներով»


«Անկախությունից հետո Հայաստանում տեղի ունեցած բոլոր համընդհանուր ընտրությունները այս կամ այն չափով ուղեկցվել են լցոնումներով, քվեարկության կեղծումներով եւ նման այլ խախտումներով», - ասված է Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում, որտեղ վերլուծված է ժողովրդավարության վիճակը աշխարհի 30 երկրներում:

«ԵԱՀԿ-ի եւ Եվրախորհրդի դիտորդները լուրջ խախտումներ են արձանագրել հայաստանյան վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում: Նրանք փաստել են, որ ընտրությունները չեն համապատասխանել արեւմտյան չափանիշներին: Նման հայտարարությունները ավելի մեծ կշիռ են հաղորդում ընդդիմության այն պնդումներին, որ ընտրությունները ակնհայտորեն կեղծվել են», - փաստում են զեկույցի հեղինակները:

«Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ՝ 1998 եւ 2003 թվականներին հռչակվել է լուրջ խախտումներով անցկացված նախագահական ընտրությունների հաղթող: Քաղաքական ընդդիմախոսները հրաժարվել են ճանաչել նրա լեգիտիմությունը: Քոչարյանի վարչակազմի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային հանրության կողմից շարունակաբար թերի է որակվում: Իրավիճակն այս բնագավառում ահագնացավ 2004 թվականին, երբ իշխանությունները աննախադեպ ճնշման ենթարկեցին Հայաստանի ընդդիմությանը՝ ներառյալ ձերբակալությունները եւ նույնիսկ բռնությունը», - նշված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

«Անցած տարվա նոյեմբերի 27-ին կայացած վիճահարույց սահմանադրական հանրաքվեն ավելի ընդգծված դարձրեց երկրում ձեւավորված ընտրական կեղծիքի մշակույթը: Եվրախորհրդի դիտորդական խումբը լուրջ կասկածի տակ առավ պաշտոնական արդյունքների հավաստիությունը: «Ընտրողների չափազանց ցածր ակտիվությունը չի համապատասխանում այն բարձր թվերին, որոնք հրապարակել են ընտրական հանձնաժողովները», - հայտարարեցին դիտորդները: Հայաստանի ընդդիմությունը, որը բոյկոտեց քվեարկությունը, պնդում է, որ հանրաքվեին մասնակցել է ընտրողների մոտ 16 տոկոսը», - փաստում է Freedom house-ը:

Միաժամանակ կազմակերպությունը նշում է, որ Հայաստանի ժողովրդավարացմանը խոչընդոտում է կառավարման խիստ միակողմանի համակարգը, որը լայն իշխանություն է պարգեւում հանրապետության նախագահին: «Հանրաքվեով հաստատված սահմանադրական փոփոխությունները այդ իշխանության մի մասը փոխանցում են կառավարությանը եւ խորհրդարանին: Նախագահն, օրինակ, այլեւս չի կարողանալու պաշտոնազրկել վարչապետին եւ ինքնակամ լուծարել խորհրդարանը: ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Եվրախորհուրդը հավանություն են տվել այս փոփոխություններին: Սակայն Հայաստանի ընդդիմությունը դրանք բավարար չի համարում եւ պնդում է, որ իշխանությունները, նախեւառաջ, պետք է հարգեն գործող օրենքները: Չնայած սահմանադրական բարեփոխումներին, Հայաստանի նախագահը պահպանելու է պետական ամենահզոր պաշտոնյայի կարգավիճակը»:

Անդրադառնալով մամուլի ազատությանը, զեկույցի հեղինակները կարծիք են հայտնում. «Հայաստանի լրատվամիջոցները գործում են անբարյացակամ միջավայրում: Իշխանությունները շարունակում են խիստ վերահսկողության տակ պահել պետությանը պատկանող Հայաստանի հանրային հեռուստատեսությունը եւ գործնականում բոլոր մասնավոր հեռուստակայանները, որոնք պատկանում են Քոչարյանի նկատմամբ լոյալ տրամադրված գործարարներին եւ հազվադեպ են հեռարձակում նրա վարչակազմին քննադատող նյութեր: Դրանց թղթակիցները ենթադրաբար աշխատում են խմբագրական գրաքննության պայմաններում»:

Զեկույցի համահեղինակ Քրիս Ուոլքերը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում փաստել է. «Կովկասի բոլոր երկրները գործ ունեն թույլ ինստիտուտների, խորհրդային ժառանգության եւ դրան ուղեկցող կաշառառության հետ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ խնդիրները հաղթահարմանն ուղղված ամենալուրջ ջանքերը գործադրում է Վրաստանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG