Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 29-ը հուլիսի)

«Առավոտ»-ի հարցազրույցում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշում է. - «Եթե երկու կողմերն էլ, պարզվում է, որ համաձայն են առաջարկվող տարբերակին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկառչեն նրանց խոսքերից ու կստիպեն, կբերեն, կնստեցնեն բանակցային սեղանի շուրջ ու կասեն՝ դե, ստորագրեք համապատասխան փաստաթղթի տակ: Դրանից հետո արդեն լուրջ պրոցեսներ կսկսվեն»:

«168 ժամ» թերթի հարցազրույցում California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը ասում է. - «Ոչ մի կասկած չկա, որ դեսպան Էվանսը հեռացվում է, որովհետեւ ինքն անցյալ տարի «հայկական ցեղասպանություն» բառը նշել է: Բոլոր նրանք, ովքեր այս մասին կասկած կհարուցեն, իսկապես հայության շահերին հակառակ են աշխատում»:

«Չորրորդ իշխանության» կանխատեսմամբ, խորհրդարանական ընտրություններում «ամենակատաղի պայքարը կընթանա հենց ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ»: «Իշխանական ճամբարում այդ ընտրությունները, պայմանականորեն ասած, արդար կլինեն, որովհետեւ գոնե այս երկու կուսակցությունների դեպքում նրանց ունեցած վարչական լծակներն ու կեղծելու հնարավորությունները հավասար են», - ենթադրում է թերթը՝ անձնավորելով. - «Ասել է թե, 2007-ին, ի դեմս ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի, Ազգային ժողովում առավելագույն ձայներ ու ամուր հենարան ունենալու համար պայքարելու են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, դա պայմանավորված է ոչ թե նրանց միջեւ եղած խորը հակասություններով, այլ պարզապես ինքնապահպանման բնազդով»:

«Առավոտ»-ում կարծիք հայտնելով, որ Հանրապետականը եւ «Բարգավաճ Հայաստանը» ավելի շուտ մրցակիցներ են, քան հակառակորդներ, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը նշում է. - «Եթե «Բարգավաճ Հայաստան»-ին հաջողվի ձեւավորել մի շատ ուժեղ քաղաքական թիմ, որտեղ կլինեն պրոֆեսիոնալներ, չի բացառվում, որ մենք ականատես կլինենք ոչ թե այս երկու ուժերի ֆինանսական հնարավորությունների բախմանը, այլ՝ ականատեսը քաղաքական թիմերի մրցակցությանը... Թափանցիկ եւ արդար ընտրությունների առաջին նախաձեռնողը պետք է լինի հենց Հանրապետականը: Հավատացնում եմ ձեզ, 2003 թվականի կրկնությունը ուղղակի չի կարելի նույնիսկ պատկերացնել, քանի որ չափազանց վտանգավոր կլինեն հետագա զարգացումները»:

«Ես Գագիկ Ծառուկյանին չեմ պաշտպանում, բայց իմ կարծիքով Ռոբերտ Քոչարյանը «պաստավկա» է անում նաեւ գործարար Գագիկ Ծառուկյանին: Որովհետեւ եթե հանկարծ իշխանափոխություն եղավ, եւ Ռոբերտ Քոչարյանը կորցրեց ղեկը, Գագիկ Ծառուկյանը կարող է վերարտադրվող իշխանության կողմից պատժվել», - «Առավոտ»-ի փոխանցմամբ, ասել է պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Իսկ Հանրապետականը, ըստ Գասպարյանի, ձեռքից գնում է եւ գնում է դեպի Սերժ Սարգսյան, քանի որ շատ կարճ ժամանակ հետո այն ամբողջությամբ կենթարկվի պաշտպանության նախարարին. - «Երկրի երկրորդ դեմքը, պատկերացնո՞ւմ եք, հիմա պետք է նստի մի տեղ, սեղանի շուրջ, որի կողքը նստելու են կիսակրիմինալ, քաղաքականությունից չհասկացող Խորհրդի անդամներ: Հավասարը հավասարի հետ քաղաքական հարցեր են քննարկելու, եւ Տիգրան Թորոսյանը լինելով երկրի երկրորդ դեմք՝ Քաղխորհրդում ենթարկվելու է փաստորեն Սերժ Սարգսյանին»:

Գրելով, թե Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր տղան՝ Ստեփանը, որը ձերբակալվել էր Սեդրակ Զատիկյանի սպանության գործի հետ կապված զենք-զինամթերք պահելու մեղադրանքով, այժմ ազատ է արձակվել՝ «Առավոտ»-ը ակնարկում է. - «Վերջերս Հակոբ Հակոբյանը «վերաանդամագրվեց» իշխանության կուսակցությանը՝ ՀՀԿ-ին»։

«Ազգ»-ը մեջբերում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի խոսքերը. - «Եթե հրաշք տեղի ունենա, օրինակ, Մոսկվան հրաժարվի եւ գաղտնազերծի իր գաղտնի գործակալական ցանցը եւ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ իրականացնելու պայմաններ ստեղծվեն, ապա մենք` Հայաստանի առաջին ժողովրդավարական եւ ազգային կազմակերպության ներկայացուցիչներս, ընտրությունների կգնանք ինքնուրույն` ակնկալելով ստանալ 15-30 տոկոս ձայներ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG